Գաղտնիք չէ, որ միջազգային դերակատարման հավակնություններ ունեցող պետությունները այսօր ձգտում են ազդեցության ոլորտներ ձևավորել Բրյուսելում և Վաշինգտոնում գործող կազմակերպությունների միջոցով: Ադրբեջանը հսկայական գումարներ է ներդնում այդ գործում և հասել է նրան, որ արդեն իսկ ներկայանում է, որպես հզոր տնտեսական ներուժ ունեցող պետություն, որի հետ ստիպված են հաշվի նստել համաշխարհային ուժային կենտրոնները: Ոչ պակաս հզոր արտաքին մշակութային քաղաքականությունը կոմպենսացնում է մարդու իրավունքների և ժողովրդավարական խնդիրները, դրանք թողնելով նեղ մասնագիտական շրջանակներին: Ի դեպ, տեսանելի է նաև, որ այդ երկրի ռազմական ռիտորիկան սահմանափակվում է ներքին սպառման համար նախատեսված արտադրանքով, իսկ արտաքին քարոզչության թիրախում գլոբալ տնտեսական համագործակցության և միջազգային խաղաղության խնդիրներն են: Ակնհայտ է, որ նաֆթային եկամուտներն օգտագործվում են նպատակային և ժամանակի ընթացքում իրենց ազդեցությունը կունենան համաշխարհային ուժային կենտրոնների կողմից ԼՂ հարցում Հայաստանի հանդեպ ճնշումների տեսքով, մանավանդ որ.
Հայաստանը այդ ամենին պատասխանում է ոչ թե տնտեսական զարգացման և ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու հեռանկարով, այլ երկիրը ռուսական ռազմական պոլիգոնի վերածելու գործընթացներով: Ընդ որում դրա հետ մեկտեղ Հայաստանի արտաքին քաղաքականությունը օգտագործում է ռազմական ռիտորիկան հենց արտաքին սպառման համար, նպաստելով ադրբեջանական քարոզչությանը:
Բրյուսելում տեղակայված միակ լոբբինգային կազմակերպությունը՝ Հայաստանի Եվրոպացի Բարեկամները վաղուց անգործության է մատնված և միայն ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս ներքաղաքական հարցերի շուրջ սոցհարցումների նախաձեռնություններով:
Եվրասիական հեռանկարի վերաբերյալ անհամարժեք արձագանքները ավելի են թուլացնում Հայաստանի դիրքերը այս քարոզչական պատերազմում:
Եվ վերջում:
Եվրոպական փորձագիտական շրջանակներում արդեն իսկ գերիշխող է այն տեսակետը, որ Ադրբեջանին ձեռնտու չէ ԼՂ խնդրի ռազմական լուծումը, քանի որ ժամանակը աշխատում է տնտեսապես հզորացող Ադրբեջանի օգտին, իսկ Հայաստանի վերածումը Ռուսական ռազմական պոլիգոնի, միայն կնպաստի ԼՂ խնդրի ադրբեջանամետ լուծմանը, քանի որ հարցը մոտ ապագայում կլուծվի ռուս ադրբեջանական տնտեսական գործարքների միջոցով: