Ուղիղ 20 տարի առաջ այս օրը Ռուսաստանի դաշնային խորհրդի ղեկավարության միջնորդությամբ, ղարաբաղաադրբեջանական հակամարտությանը փոխարինեց ոչ խաղաղություն ոչ պատերազմ իրավիճակը: Կողմերի ստորագրած համաձայնագրի արդյունքը դրական էր: Ամեն դեպքում վերջակետ դրվեց պատերազմին ու արյունահեղությանը:
Խաղաղության 20-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը Արցախի կրթօջախներում տրվել էր դեռ առավոտյան: Իսկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում երեկան տոնական էր: Երիտասարդական ֆլեշմոբ-հավաքին մասնակցել են ուսանողներ ու աշակերտներ: Նրանք եռագույններով հրապարակոմ շուրջպար են բռնել' ազգագրական երաժշտության ուղեկցությամբ, մինչ նրանց միացել են ,,Խաղաղության հեծանվային երթի,, մասնակիցները' Երևան քաղաքից:
Երթին մասնակցել են 7 հեծանվորդներ' Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի պրոֆեսիոնալ և սիրողական խմբից: Նրանք 2 օրում հասել են Արցախ: Ըստ սիրողական հեծանվային խմբի ղեկավար Արման Անտոնյանի, երթի նպատակը մեկն էր. Շնորհավորել արցախցիներին խաղաղության 20-ամյակի առիթով:
,,Ճանապարհը շատ բարդ էր, բայց մենք հաղթահարեցինք այդ խորդուբորդությունները: Այս տարի մասնակցեցին միայն Հայաստանի հեծանվորդները, բայց հաջորդ տարվա նույն օրը կավելանա մասնակիցների քանակը,,-Karabakh-life.am-ի հետ զրույցում նշեց Արման Անտոնյանը:
Նախաձեռնությունն առաջին անգամ է իրականացվում, հաջորդ տարի լայն կլինի մասնակից երկրների աշխարհագրությունը: Ըստ Արմանի' ,,Խմբում կընդգրկվեն նաև սփյուռքից մեր հայրենակիցները, իսկ առաջիկայում նախատեսվում է անցկացնել ,,Արցախյան գավաթ,, հեծանվավազքի մրցաշար: Ուզում ենք հեծանվասպորտը զարգացնել նաև այստեղ' Արցախում,,:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպել են ՀՀ սպորտի և ԼՂՀ ՄԵ հարցերի նախարարությունների՝ Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի աջակցությամբ: Վերջում, Արցախի ու Հայաստանի երիտասարդները խաղաղության աղավնիներ ու եռագույն փուչիկներ բաց թողեցին երկինք, ի նշանավորումն հարատև խաղաղության ու հաղթանակի:

 

 

Վրեժ Հովսեփյան