« Հայոց Դանթեականը» Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի պոեմը նվիրված հայ կոտորածների հավերժասուգին…
Շիրազը ավելի քան չորս տասնամյակ ստեղծել և վերամշակել է իր կյանքի ամենից թանկ ժառանգություն « Հայոց Դանթեականը»։ Շիրազի աստվածատուր քանքարի համապարփակ դրսևորման առումով այս գիրքը նրա՝ ազգային մեծ բանաստեղծ լինելու հավաստում է, նրա հավատամքի ամփոփագիրը։

(հատված)

ՆԱԽԵՐԳԱՆՔ
(Հայոց համայնապատկերը)

ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ

1

Հայաստանի ամեն մի լեռ
Մի քարացած հայ ե անմեռ:

Ամեն մի լեռ' մի ճգնավոր,
Մի իշխան է, մի թագավոր:
Առնոս լեռը' հովիվ է քաջ'
Բլուրների հոտն իր առաջ:
Անդոկ լեռը' հայ մարգարե'
Սիրտը' կրակ, դեմքը' քարե:
Աչքն աղոթող' ծովն է Վանա'
Նարեկացին' սարն է Սասնա:
Վարագա լեռն' արծվի պես
Քարացել է' Հայրիկն է, տե´ս:
Աշնակ սարն էլ, աշնակցինե´ր,
Ձեզ Մուշ կանչող Իշխանն է ձեր:
Վեհ-Շարան է Արագածը,
Որ տենչում է Կարսա հացը:
Արարատը' Հայկն է վիմված'
Երևանվող հույսի դիմաց,
Վար կնայե' մեկ Երևան,
Հազար ու մեկ' դեպ Մուշ ու Վան:
Ազնանց Փոքր Մհերն էլ Սիս'
Ժայռի մեջ է, վա´յ աչքերիս:
Տավրոս լեռը զիմ Կիլիկիան'
Ինքն է հայոց վերջին արքան:
Ազգ իմ, Գրգուռ, Նեմրութն էլ քո,
Ծովասարն էլ' ամպի ներքո'
Վարշամակված հայոց վշտով,
Հոնքը կիտել վեհ ու վրդով'
Ատրուշանի կրակն ընկած'
Շնչում, ինչես Թոնդրակն հանգած,
Խուլ ծխում են' ելք են փնտրում,
Մտնաքողը պահ մի պատռրում,
Այրվում, նայում Արարատին'
Հուր են ուզում ժայթքել չորս դին
Անդ շղթայված լեռներս վեհ,
Իմ աշխարհը, որ երբևե
Գահ չի դառնա ժանտ ոսոխին'
Աստված կիջնի դեռ մեր հողին.
Միշտ չենք մնա
Ասպատակված,-
Մի´ պարծենա,
Անզգամվա´ծ...
Հայոց լեզուն' թուրն է հայոց,
Թուր Կայծակին' ընդդեմ վայոց:
...................................
Հայաստանի ամեն մի լեռ'
Վաղն հրաբուխ է մի անմեռ...

2

Ո´վ անմեղաց մեջ անթեղված հայոց անբույժ վերք ու վիշտ,
Ո՞վ չի երազել մոռանալ ձեզ միշտ,-
Բայց ո´չ, այս անգամ դուրս եմ կանչում ձեզ
Բոլոր խորշերից քուն ու մոռացման,
Թեկուզ ինձ խոցեք չար երազի պես,-
Բայց, ելե´ք' ձեզ եմ կանչում այս անգամ:
Սպին իր վերքը մտքից չի հանի,
Ձեզ չի մոռանա իմ ազգը, սակայն'
Թեկուզ մի սիրտ ել մոռացած լինի'
Զարթե´ք, դառն հուշեր, պետք եք այս անգամ...
Ո´վ դուք' վկաներ հավերժավրեժ հայոց եղեռնի,
Զարթե´ք, որ պատժանքն այս անզույգ մեղքի կոկորդից բռնի,
Հատուցման արծիվն իր ժեռ վանդակից ի լույս սլանա,
Որպես աշխարհում իր միակ թառին' Մասիս բարձրանա,
Ելնեն ժեռ բանտից իմ Մհերն ու ձին,
Որ գեթ աղ բերեն իմ հույսի հացին:
...........................................
Եւ թող այս գիրքս դասագիրք դառնա
Մանուկ մարդկության սեղանի վրա: