Այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը պատասխանել է լրագրողների հարցերին, մասնավորապես՝ Ներքին Հանդի հատվածում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների դիմելու վերաբերյալ, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ։
Հիշեցնենք՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել էր, որ ռուս սահմանապահները կարող էին կանխել այս գործողությունը․
«Տարօրինակ էր այն հանգամանքը, որ ՀՀ առաջնագծի տարբեր հատվածներում ծառայություն իրականցնող զինծառայողների լիազորությունների և գործառույթների հետ կապված տարբեր պաշտոնյաներ այնպիսի տարակուսած կարծիքներ են արտահայտում, կարծես թե նրանց խնդրանքով չէր 44-օրյա պատերազմից հետո ռուս զինծառայողների տեղակայումը ՀՀ սահմանագծի տարբեր հատվածներում։ Այսինքն՝ այստեղ խնդիր կա կապված նրա հետ, որ հասարակությանը պատշաճ ձևով չի իրազեկվում, թե իրականության մեջ ԵՄ դիտորդները ողջ ծավալով և ռուս զինծառայողները տարբեր ուղղություններով ի՞նչ ֆունկցիա ունեն»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորն ու հավելեց՝ «ըստ այդմ մեր հասարակության համար հայտնի չի դառնում, թե այս կամ այն միջադեպի դեպքում ովքե՞ր ունեն պատասխանատվություն»։
Աբրահամյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները պատասխանատվությունը իրենց վրայից գցելու համար փորձում են ռուսական կողմին ներգրավել այս թեմայի մեջ․
«Կներեք, բայց ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ անելիքը առաջին հերթին հայաստանյան իշխանություններին էր, համապատասխան ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնք իրավիճակին համարժեք չեն գործում, իսկ Ադրբեջանը, նկատի ունենալով ստեղծված իրավիճակը, իր լկտիությունները շարունակում է»,-թեմայի առնչությամբ նման համոզմամբ հանդես եկավ նա։