Տարբեր հանգամանքներով պայմանավորված' Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է և երեկվանից դեպի ՀՀ մեկնած շատ արցախցիների հետ կապ չկա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Շատերը տեղանքի, իսկ ոմանք' հեռախոսների լիցքավորման հետ կապված խնդիրներ ունեն, շատերն արդեն վառելիքի ու սննդի, իսկ հերթը չափից ավելի դանդաղ է շարժվում:
Ադրբեջանական անցակետի աշխատանքային ռեժիմն ու նրանց մոտեցումը հավելյալ ցավ ու տառապանք է փոխանցում մեր հայրենակիցներին:
Այս պահին միջնորդ երկրների խնդիրը պետք է դառնա' Ադրբեջանի վրա գոնե այդ մասով ճնշումներ գործադրելու և ճանապարհի թողունակությունը կտրուկ մեծացման հարցը:
Սա հատկապես վերաբերվում է ՌԴ-ին, ովքեր տեղում ներկայություն ունեն և ապահովման հետ կապված ֆունկցիաներ են ստանձնել:
Ադրբեջանի' այս պահին դրսևորած մոտեցումները նպատակ ունեն առավելագույնս ճնշումներ գործադրելու և հոգեբանական հարձակումներ իրականացնելու' առանց այդ էլ բոլոր առումներով խոցելի մեր հայրենակիցների վրա»։
Հիշեցնենք' Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում' բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Սոցիալական ցանցերում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ երևում էր հզոր պայթյունը։ Նշվում էր, որ 100 տոննա տարողությամբ ցիստեռն է պայթել։
Ըստ Արցախի ՄԻՊ-ի, վիրավորների թիվն անցնում է 200-ը։ Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։ «Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։ Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։ Շատ շտապ, առանց հապաղելու»,- նշել էր նա։