Ունենք ակնհայտ խնդիր. Հայաստանը և սփյուռքը համարժեք չեն Արցախում այսօր ստեղծված իրավիճակին։ Սա ազգային անոմալիա է, և սրա ուղիղ հետևանքն է, որ միջազգային հանրությունը նույնպես համարժեք չի արձագանքում։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «120 հազար մարդ 200 օրից ավել գտնվում է տոտալ շրջափակման մեջ, թշնամու կրակոցների տակ, և առկա է էթնիկ զտման իրական սպառնալիք։

Պարզունակ մոտեցում է՝ խնդիրը վերագրել ժողովրդի որակներին. այստեղ լավի կամ վատի խնդիր չկա. և´ Հայաստանի ժողովուրդն է սովորական-նորմալ, և´ սփյուռքը, և´ միջազգային հանրությունը։

Այստեղ կան ուրիշ խնդիրներ, որոնք պետք է հասկանանք, և այդ խնդիրների լուծման ճանապարհով փոխենք վիճակը։ Ըստ իս, այդ խնդիրներն են.

ՀՀ իշխանությունները
Ազգային փլուզման խորությունը
Հետպարտություն հուսալքված-անկումային տրամադրությունները
Պայքարի ինստիտուտների բացակայությունը (կամ՝ ոչ բավարար զարգացած լինելը)
Այսպես կոչված «սոցիալական սոսնձի»՝ ճիշտ գաղափարների, արդյունավետ պատկերացումների սղությունը։
Եթե ինչ-որ հրաշքով, ասենք պայմանականորեն՝ հաջորդ կիրակի, Հայաստանում լինի նոր իշխանություն, ապա մենք կունենանք լրիվ ուրիշ իրավիճակ։ Դա կնշանակի էֆեկտիվ մարդկանց ներգրավվածություն նոր իշխանությանը. 2-5 կետերի խնդիրները տրամաբանական շղթայում կսկսեն լուծվել, շատ այլ հարցեր նույնպես կսկսեն լուծվել, այդ թվում՝ բարդ, անգամ՝ անլուծելի թվացող։

Բայց մենք հասկանում ենք, որ սա տեսություն է։ Հրաշքին սպասելը նման պարագայում հիմարություն է։

Ավելի վատ է, սակայն, ոչինչ չանելը։ Այս վիճակում հանձնվելը դավաճանություն է մեր պետականության և մեր հայրենիքի հանդեպ։

Ճիշտ ճանապարհը գտնվում է նշված հինգ կետերի լուծման մեջ, սակայն՝ հակառակ հերթականությամբ՝ հինգերորդ կետից հասնելով առաջինին։ Իհարկե, ոչ ոք չի բացառում հրաշքի հնարավորությունը, բայց ռացիոնալ գիտակցությունը հուշում է, որ ճիշտը 5-ից 1 կետեր ճանապարհն է։ Սա ամենևին անվերջ երկար ճանապարհ չէ։ Ամեն քայլից հետո ձևավորվելու է նոր իրականություն, իսկ ամեն նոր իրականություն մոտեցնելու է ամբողջական լուծման հեռանկարը։

Առաջիկայում պարբերաբար կներկայացնեմ այդ կետերի համառոտ բովանդակությունը: