Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
Նա, մասնավորապես, գրել է. «Շարժումը լավ ալիքի վրա է. թակում է դռները, որոնք հերթով բացվում են։ Ժամանակի ու համբերության խնդիր է միայն, հերթով բոլորը ներսից բացվելու են։ Մարդիկ հոգնել են այսօրվա վիճակից։ Մարդիկ ուզում են լսել մարդու խոսք՝ կարեկից, մտահոգ, կիրթ, և այդ առաքելությունը փայլուն կատարում է Բագրատ Սրբազանը։ Մարդիկ ուզում են լսել վաղվա մասին հստակ խոսք, ինչը Սրբազանն արեց։ Մարդիկ հասկանում են, որ 1991 թվականի անկախ պետության բովանդակությունը ջարդվել է, և ուզում են հասկանալ, թե ի´նչ բարքերով և ի´նչ բովանդակությամբ է լինելու պետության շարունակությունը։ Շատ երկար տարիներ մեր երկրում մարդկանց հետ չեն խոսել. կա´մ խաբել են, կա´մ շահագործել, կամ էլ՝ երկուսը միասին։ Հիմա եկել է մի մարդ, ով իրենց հետ խոսում է՝ պարզ, բայց շատ կարևոր բաների մասին ։ Մարդիկ ուզում են ապրել մարդու պես՝ զգալով իրենց հանդեպ հոգատարություն ու հարգանք, ու ոչ՝ մանիպուլյացիա և անվերջ ստորացում։
Սա շատ լավ պրոցես է, և եթե ասում ենք, որ գնում ենք երկրում խորքային, տևական փոփոխությունների, ապա դրանք ոչ մի օրո´ւմ են լինում, ոչ՝ մի շաբաթում։