ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ․

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Վստահ եմ շատերը կհամաձայնեն, որ հայուհիներն եզակի են իր առաքելությամբ։ Դարեր ի վեր հայ կանայք պատվով են կատարում ընտանիքին ու հայրենիքին անմնացորդ ու անձնվիրաբար ծառայելու վեհ առաքելությունը՝ իրենց շուրջը սփռելով անսահման սեր ու ջերմություն, բարություն ու հոգատարություն:

Հայուհին հոգատար մոր, սիրող կնոջ լավագույն օրինակն է, հայ առողջ օջախի պահապանը, ամուր հենարանն ու սյունն է։

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, անգնահատելի է ձեր նվիրվածությունը, գթասրտությունը: Տոնական միամսյակն առիթ է ևս մեկ անգամ երախտագիտության, ակնածանքի և գնահատանքի խոսքերն ուղղելու ձեզ՝ նվիրումի և հոգատարության համար, հերթական անգամ շեշտելու ձեր կարևոր դերը նաև մեր պետության համար արժանի քաղաքացիներ կրթելու գործում։

Հայ կնոջն է վերապահված ազգային արժեքների և հայրենասիրության ոգով սերունդներ դաստիարակելու ազգանպաստ առաքելությունը:

Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել կին բուժաշխատողներին և ապագա բժիշկներին, որոնք տոնական այս օրը կանցկացնեն բժշկական հաստատություններում' իրականացնելով իրենց մարդասիրական առաքելությունը։ Պատահական չէ, որ Կանանց տոնը համընկնում է գարնան գալստյան, բնության զարթոնքի հետ։

Ձեզ մաղթում եմ արևշատություն, գարնանաբույր և երջանիկ օրեր, առողջություն, անսպառ սեր, մասնագիտական վերելքներ»: