Վարչապետի հետ հանդիպմանն առաջարկել եմ Սյունիքում ստեղծել ինքնապաշտպանական ուժեր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սյունիքի Տաթեւ համայնքի ղեկավար ընտրված Սամվել Լալայանը:

Հիշեցնենք, որ նա ներկայացնում է «Շանթ դաշինք» կուսակցությունը:

Նա, մասնավորապես, նշել է, որ իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, թե Սյունիքի համայնքապետերի և ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում, Սյունիքի համայնքապետերն իրենց համաձայնությունն են տվել Սյունիքից տարածքներ հանձնելուն մեր թշնամուն:

«Տեղեկատվական այս քաոսին վերջ տալու նպատակով կներկայացնեմ մի փոքր դրվագ Սյունիքի համայնքապետերի և ՀՀ վարչապետի հետ հանդիպումից, բնականաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ հանդիպումը փակ ֆորմատով էր և որոշ քննարկված հարցեր ենթակա չեն հրապարակման:

Որպես Տաթև համայնքի ղեկավար, պահեստազորի սպա, Արցախյան երեք պատերազմների մասնակից, ՀՀ վարչապետին առաջարկել եմ Սյունիքում ստեղծել ինքնապաշտպանական ուժեր, որով հնարավոր կլինի արդյունավետ կերպով օգնել ՀՀ զինված ուժերին՝ դիմագրավելու թշնամական ագրեսիաներին:

Եվ վերջում մեկ անգամ էլ կուզեմ ասել, որ Սյունիքը մե՛րն է և մե՛րն է լինելու, Սյունիքը՝ թշնամուն հող չունի՛ հանձնելու»,-նշել է Լալայանը: