Առաջարկել եմ Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճ կազմակերպել՝ իմ, Սամվել Բաբայանի և Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: Սամվել Բաբայանը ընդունել էր բանավեճին մասնակցելու հրավերը, իսկ Սեյրան Օհանյանը հրաժարվել էր մասնակցել՝ պատճառաբանելով, որ ինչ-որ խանգարող հանգամանքներ կան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Սեյրան Օհանյանի կողմից գլխավորած պաշտոնաթող գեներալների տարածած հայտարարությունից հետո Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին առաջարկել եմ Հանրային հեռուստաընկերության եթերում ցանկացած ձևաչափով բանավեճ կազմակերպել՝ իմ, Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի և 2008-2016թթ. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: Սամվել Բաբայանը ընդունել էր բանավեճին մասնակցելու հրավերը, իսկ Սեյրան Օհանյանը հրաժարվել էր մասնակցել՝ պատճառաբանելով, որ ինչ-որ խանգարող հանգամանքներ կան:

Որպես կառավարության հրաժարականը պահանջող պաշտոնաթող գեներալների ցուցակը գլխավորող՝ Սեյրան Օհանյանին նորից առաջարկում եմ ընդունել իմ առաջարկը և նույն ձևաչափով քննարկել մեր բանակի պարտության խորքային պատճառները, իսկ քննարկումից առաջ խնդրում եմ պարոն Օհանյանին ներկայացնել պաշտոնաթող գեներալների հավաքական տեսակետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք մասնակցել են Արցախյան առաջին պատերազմի հաղթանակների կերտմանը՝ չնայած բոլորը այդ ժամանակ ունեցել են ավելի ցածր ուսադիրներ:

Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի պարտության խորքային պատճառները, հատկապես նրա անշրջելի ընթացքը վերջին 20 տարիների ընթացքում: Խիզախություն պետք է ունենալ դա ընդունելու և պատասխանատվություն կրելու համար: Եվ եթե այս խնդիրը չլուծվի, սերունդների դատին ենք թողնելու դավաճանների անվերջ փնտրտուքը, իսկ դա մեզ զրկելու է բանակի ապագային միտված հեռանկարը կառուցելուց:

«Ես իմ գեներшլներին թույլ տվեցի հարստանալ ու շռայլ կյանքով ապրել , հետո նրանց մոտ կորավ կռվելnւ ցանկությունը, և վшխեցшն դաշտում ընկնելnւց և շռայլ կյանքից զրկվելուց». Նապոլեոն Բոնապարտ»։