«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Քիչ առաջ գործընկերներիս՝ Շաքե Իսայանի եւ Անի Սամսոնյանի հետ այցելեցինք Պաշտպանության նախարարության Երեւանի կայազորային հոսպիտալ, որտեղ այս պահին գտնվում են նախօրեին ադրբեջանական գերությունից վերադարձած մեր ռազմագերիները։
Բոլոր տղաների հետ խոսեցինք, բոլորին լսեցինք՝ իրենց պատմությունները, թե ով երբ է գերի ընկել ու քանի օր է անցկացրել Բաքվի բանտում։
Կային զինվորներ, որ պատերազմի հենց առաջին օրերից են գերեվարվել ու պատմում էին, որ հրաշքի նման էր, երբ իրենց ասացին, որ ինքնաթիռն իրենց է սպասում՝ հայրենիք տեղափոխվելու համար։
Տղաները համալիր բժշկական եւ հոգեբանական ստուգում են անցնում հոսպիտալում, ունենք հրաշալի զինվորական բժիշկներ, նրանց այցելում են օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցներն ու հարազատները։
Շուտով բոլոր տղաները կլինեն տանը։
Հասկանալի պատճառներով տղաների հետ զրույցից շատ բան գրել չեմ կարող։
Գիտեք, սեպտեմբերի 27-ից պատերազմի բոթից, 44 օր տեւած արյունալի մղձավանջից, ու այսօր էլ դեռ շարունակվող ողբերգությունից հետո այսօր, երբ լսում էի տղաներին, ովքեր պատմում էին իրենց ապրումների մասին, երբ ասել են՝
պատրաստվեք, գնում եք տուն, դա մի աներեւակայելի զգացողություն էր բոլորիս համար:
Մեր կռիվը դեռ ավարտված չէ։ Մենք դեռ բազմաթիվ գերիներ ու անհայտ կորածներ ունենք, մենք դեռ մեր հայրենիքի սահմանները թուրքին GPS-ով չզիջելու խնդիր ունենք, մենք դեռ մեր երկրում ադեկվատ ու թրքամերժ իշխանություն ձեւավորելու խնդիր ունենք։
Ու անելու ենք։
Հուսանք, որ գերության մեջ գտնվող մեր մյուս ռազմագերիները եւս կհասնեն տուն»։