Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի պահ կանգ առեք ու մտածեք:
Կրքերը եռում են ու որքան ինֆորմացիան շատանա, այնքանով ավելի անկառավարելի է լինելու դրությունը, ինչն ավելի է վտանգավոր դարձնելու իրավիճակը:
Պատերազմը դեռ չի վերջացել։ Քաղաքական լուծումներ են պետք:
Կոչս շատերը չեն հասկանա, ավելի շատերը կմեղադրեն դրա համար:
Նիկոլը գնալու է, դա փաստ է, սակայն ավելի կարևոր է, թե իշխանության տրանզիտն ինչպես է տեղի ունենալու, հաշվի առնելով Հայաստանի սահմանին թուրքական զորքի առկայությունը և էլի մի շարք հանգամանքներ:
Հիմնական խնդիրն ապագա կառավարության կազմն է, վարչապետի անձն ու հրատապ օրակարգը: Ունե՞նք այդ հարցերի պատասխանը, թե չունենք: Եթե չունենք, ապա որն է այս իրարանցման նպատակը:
Ի վիճակի ե՞նք արդյոք այդ հարցերի շուրջ գալ պայմանավորվածության՝ դահլիճում, որից հետո այն ներկայացնել Փողոցին ու գործող խորհրդարանին, թե այս հիստերիան է մեր միակ ունակությունը: Եթե ի վիճակի չենք, ապա տնտեսական ավերվածությունները, քաոսը, կառավարման համակարգի վերջնական ջախջախումը ու շատ վտանգավոր արտաքին անվտանգային ռիսկերը խորանալու են:
Անձնական ու կուսակցական ամբիցիաները, սևն ու սպիտակը, ներկաներն ու նախկինները մի կողմ դրեք։
Հիմա դահլիճում հավաքվելու ու արդյունքները ժողովրդին ներկայացնելու ժամանակն է։
Նիկոլի ճակատագիրը հիմա երկրորդական հարց է, դա ավելի ուշ կքննարկենք։ Վտանգների մեծ մասն առջևում են, ոչ թե ետևում։
Սառեք, մի պահ կանգնեք ու խորհեք ու գործընթացն քաղաքական գծի վրա դրեք։
Վերջապես, մենք ի վիճակի՞ ենք միմյանց հետ խոսել, լսել ու որոշում կայացնել, թե վերջնակապես ենք դեգրադացվել»։