Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Պարտության մղջավանջը, ծանր ապրումները, ցավոք, դեռ երկար ժամանակ մեզ չեն լքելու: Միֆերն ու մեղավորների փնտրտուքը, որքան էլ անընդունելի լինի, ստեղծված իրավիճակում բնական է, քանի որ դառը իրականությունը միշտ դժվար է յուրացվում հանրային ընկալումներում: Պատերազմի 44 օրերի ականատեսն եմ եղել և լավագույնս տեղյակ եմ քաղաքական հիմնական զրույցներին ու քննարկումներին, որոնց մասին մի օր անպայման գրելու եմ, երբ սթափ ու սառը դատելու և ընկալելու ժամանակները գան: Բայց, հանուն արդարության, այսօր կանդրադառնամ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին տարածված մեկ միֆի, որ իբր մասնակցում էր ռազմական խորհրդի նիստերին և դրնացից մեկի ժամանակ միջադեպ է եղել գեներալ Մովսես Հակոբյանի հետ:

Իրականում Աննա Հակոբյանը պատերազմի ժամանակ Արցախում գտնվելու օրերին ներգրավված էր բացառապես թիկունքային աշխատանքներով: «Հայտնի միջադեպ»-ի մասին խոսակցություններին մեկ անգամ արդեն առիթ եմ ունեցել անդրադառնալու՝ չբարձրաձայնելով իրականությունը, ինչը պատերազմի օրերին անթույլատրելի էր: Մովսես Հակոբյանի Արցախից առժամանակ բացակայելու փաստը ոչ թե որևէ խոսակցության, այլ կորոնավիրուսային հիվանդության և դրան հետևած թոքաբորբի պատճառով էր: Այս համատեքստից դուրս մնացած խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն:

Առայժմ այսքանը: