ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական պիղծ որոշումը ևս մեկ անգամ ինձ համոզեց, որ 2019 թ․ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարի այրվելը (2019 թ․ ապրիլի 24-ին Աստվածամոր տաճարում պետք է կայանար Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված պատարագ) ամենևին էլ պատահականություն չէր․․․
Սարսափով եմ մտածում, որ այսօր պատահականություն չեն նաև Հայ եկեղեցու և քրիստոնեական հավատի ուսուցման, մայրենի լեզվի, մեր ազգային արժեքների դեմ իրար հաջորդող, դատապարտելի ոտնձգությունները։
․․․301 թվականից, երբ պատմական Հայաստանում քրիստոնեությունն ընդունվեց իբրև պետական կրոն, մեր եկեղեցին դարեր շարունակ հանդիսացել է հայոց պետականության հիմնասյունը, մեր ինքնությունն ու տեսակը պահպանողը, ժողովրդին կրթելու ու լուսավորելու միակ աղբյուրը։
20-րդ դարի վերջին մեր ազգային ազատագրական պայքարի արմատներում նորից կանգնեց Հայ եկեղեցին, իսկ Հայրենիքի համար մղվող պայքարում զինվորի և հրամանատարի կողքին հավասար կռվեց, պայքարեց ու նաև զոհվեց հայ հոգևորականը։
Քրիստոնեությունը Աստծո գոյության «պրիմիտիվ» ընդունումը կամ ժխտումը չէ․ այն համամարդկային վեհ արժեքների, մարդասիրության բարձրագույն քարոզ է և քաղաքակրթական դրսևորում։
Խոնարհումս հայ ինքնության բացառիկ պահապան
Հայ եկեղեցուն։
Հայ՛ր մեր, որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո,
եկեսցէ արքայութիւն Քո,
եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր.
եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա՛ զմեզ ի չարէն,
զի Քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս։
ԱՄԷՆ»: