«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

 

«Անցած երկուշաբթի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ձեռնարկած արկածախնդրությամբ, Հայաստանում առկա բազմաթիվ խնդիրների ավելացավ սահամանդրական ճգնաժամը, և ողջ շաբաթը վերածվեց դետեկտիվ կինոյի՝

Ա) երկուշաբթի օրը, «Իմ քայլը», տառացիորեն մեկ օրում, առանց որևէ հանրային քննարկման, և խախտելով Սահմանադրության 169 հոդվածի պահանջը՝ սահամանդրական փոփոխությունները ներկայացնել Սահմանադրական դատարանի քննությանը, ընդունեց Սահմանադրության 213 հոդվածի փոփոխություններ, որոնցով հետին թվով սահմանափակվում է ՍԴ բոլոր դատավորների պաշտոնավարման ժամկետը 12 տարով։ Հընթացս, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը անհավանական գյուտ կատարեց, հայտարարելով, որ ԱԺ նախադեպ է ստեղծում՝ իր հայեցողությամբ որոշելով չդիմել Սահմանադրական դատարան։

Բ) Անմիջապես հետո, պատգամավորների նույն նախանձախնդիր խումբը, որոշեց զրկել ՀՀ Նախագահին սահամանադրության փոփոխությունները ստորագրելու իրավունքից, հընթացս հայտարարելով, որ գործող Նախագահն ինքն է խնդրել ազատել իրեն այդ ծանր բեռից։ ՀՀ գործող Նախագահ Արմեն Սարգսյանը դա փաստացի հաստատեց, մեկ օր անց կեսգիշերին ստորագրելով այդ վիճահարույց օրենքը, և ազատելով իրեն սահմանադրության փոփոխություններում անաչառ արբիտր լինելու հետագա պարտավորություններից։

Գ) Սահմանադրության փոփոխությունների ընդունման ձևի հետ կապված, վիճարկման իրավունք ունի խորհրդարանական փոքրամասնությունը՝ ի դեմս պատգամավորների մեկ հինգերորդի։ Այս իրավունքից անմիջապես որոշեց օգտվել ԲՀԿ խմբակցությունը, որն իր և ևս մեկ անկախ պատգամավորի 26 ձայներով, արդեն դիմել է ՍԴ։ ԼՀԿ խմբակցությունը, որը կարող էր միանալ այդ դիմումին, և այն ավելի ծանրակշիռ դարձնել, նախընտրեց զբաղվել աճպարարությամբ, և մշուշոտ խոստումներ տվեց դիմել ՍԴ ավելի ուշ (ենթադրաբար, երբ արդեն դրա կարիքը չի լինի):

Դ) ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հրապարակեց Սահմանադրության «փոփոխությունները», իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ֆորմալ տեսանկյունից պետք է որ կապ չունենար այս գործընթացի հետ, հայտարարեց, որ ԱԺ երեք դատավորների լիազորությունները կդադարեն հունիսի 26-ի կեսգիշերից սկսված։ Թե ինչի հիման վրա, մոռացավ ասել, իսկ առավոտյան պարզվեց, որ չեն դադարի, քանի որ եթե նույնիսկ Սահմանադրության ընդունված փոփոխությունները բացարձակ օրինական լինեին, պետք է փոփոխել նաև համապատասխան օրենքները, և դատավորների գործունեությունը կարգավորող ենթաօրենսդրական ակտերը, ինչը Իմ քայլի տաղանդավոր իրավաբանները մոռացել էին անել։

Ե) Շաբաթ օրով, ԱԺ անխոնջ նախագահ Արարատ Միրզոյանը անսպասելի հայտարարություն տարածեց, որ ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը համաձայնվել է լինել ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։ Տառացիորեն երկու ժամ հետո, նույն Աշոտ Խաչատրյանը հերքեց այս հայտարարությունը, պնդելով, որ այդ ամենը կարող է տեղի ունենալ միայն իրավական գործընթացի արդյունքում, ոչ թե Արարատ Միրզոյանի բանավոր հայտարարությամբ։

Արդյունքում, երկուշաբթի առավոտ, երբ ես սա գրում եմ, մենք ունենք խճճված վիճակը։ Կան «սահամանդրության փոփոխություններ», որոնք սակայն ընդունվել են Սահմանադրության պահանջների ակնհայտ խախտմամբ, և արդեն իսկ վիճարկված են Սահմանադրական դատարանում ԲՀԿ կողմից։ «Իմ քայլի» կողմից պատրաստվում են ՍԴ մասին օրենքի փոփոխություններ, որոնք սակայն հիմնվելու են այս վիճելի սահամանդրական փոփոխությունների վրա։ Դրան հետևող բոլոր քայլերը էլ ավելի են խճճելու վիճակը, քանի որ գործող դատավորները, որոնց պաշտոնավարումը դադարեցվելու է այս օրենքով, կարող են դա վիճարկել տարբեր ատյաններում, իսկ նրանց ենթադրաբար փոխարինելու եկող դատավորները կհայտնվեն առկախված վիճակում, քանի որ եթե այս «սահամանադրկան փոփոխությունները» չեղարկվեն, նույն կերպ կչեղարկվի նաև նրանց նշանակումը, նրանցից յուրաքանչյուրին մեծ ռեպուտացիոն հարված հասցնելով։

Այս վիճակը ունի խելամիտ հանգուցալուծում։ ՀՀ Սահմանադրության 123 հոդվածը սահմանում է, որ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Ելնելով այդ տրամաբանությունից, հենց նա պետք է հրաժարվի հիմա ցանկացած նոր վիճելի օրենք ստորագրելուց, իր նախաձեռնութամբ դիմի Սահմանադրական դատարան՝ քննելու «սահմանադրական փոփոխությունների» ընդունման իրավաչափությունը, և միայն համապատասխան իրավական կարգավորումներից հետո, հնարավորություն տա շարունակելու հետագա գործընթացը։ Նա կարող է և չանել դա, վկայակոչելով, որ Հայաստանում այսուհետև գործում է ոչ թե Սահմանադրությունը, այլ հեղափոխական նպատակահարմարությունը, և հնարավոր չի Սահմանադրական դատարանը բարեփոխել, դրա մասին նախապես հարցնելով նրա կարծիքը։ Սակայն այդ դեպքում, նա պատասխանատվություն է կրելու բոլոր հետագա հակասահմանադրական զարգացումների համար, իսկ ես կասկած չունեմ, որ մի անգամ հաջողելով, Իմ քայլը դրա վրա կանգ չի առնի։

Ես ստորև քվերակություն եմ բացում այս թեմայով, առաջարկելով իմ էջին հետևողներին քվեարակել, թե արդոք դուք կողմ եք, որ Հանրապետության նախագահը օգտագործի իր առանցքային սահմանադրական լիազորությունը, և օգնի հանգուցալուծել առաջացած ճգնաժամը։ Խոստանում եմ քվերակության արդյունները հասու դարձնել Հանրապետության նախագահին, և կանխավ շնորհակալ եմ ձեր արձագանքների համար»։