Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միայն ադեկվատության հետ լուրջ խնդիրներ ունեցող մարդը կարող է ռազմահայրենասիրության նախարարություն ստեղծել մի երկրում, որի բնակչության մեծամասնությունը պատերազմում զոհված կամ վիրավորված մտերիմներ ու զինվորական ծառայության մեջ գտնվող ազգականներ ունի։ Երկրում, որտեղ բանակում չծառայելը խարան է։ Երկրում, որտեղ Ապրիլյան պատերազմի առաջին իսկ ժամերին կենտրոնական հրապարակը լցված էր հազարավոր կամավորներով։ Երկրում, որի բնակչությունը ամեն տեսակի դժվարություն է տեսել ու տեսնում, բայց չի արտագաղթում։
Ձեր ձրիակեր բյուրոկրատնե՞րը պիտի այս ժողովրդին հայրենասիրություն սովորեցնեն։ Միլթոն Ֆրիդմանը ասում էր` եթե կառավարությանը նշանակես Սահարա անապատի պատասխանատու, այնտեղ շատ շուտով ավազի դեֆիցիտ կլինի։ Նույնը կարելի է այս դեպքում ասել։ Հայրենասիրության բյուրոկրատիզացիան ու խեղկատակիզացիան ոչ մի լավ հետևանք չի ունենալու»: