Բնապահպան, ակտիվիստ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոնց երևում է՝ Նիկոլը հասկացել է, որ բնօգտագործման ու բնապահպանական առանցքային հարցերում իրեն դաժանաբար ֆռռացրել-ֆռֆռացրել են, բայց այսօրվա ԱԺ նիստի ընթացքում տրված պատասխաններից երևաց, որ դեռ շարունակում է մնալ, իր բնորոշմամբ՝ ծիծաղելի «արդյունքների» ազդեցության տակ։
Նրան մոտ կանգնած մարդիկ, գուցե, հուշեն, որ առաջին իսկ օրվանից իրեն խաբել են, երբ ներկայացրել են, թե փոքր ՀԷԿ-երի հիմնական պրոբլեմը ջրաչափական սարքերի տեղադրման կամ ձկնուղու հարցն է, իսկ Արարատյան արտեզյան ավազանում, իսկապես, լուրջ հորեր են փակվել։
Ժամանակին բնապահպանական տեսչության կողմից այս երկու հարցով էլ ստեղծվել էին հասարակական հիմունքներով գործող աշխատանքային խմբեր, որտեղ մեծ նվիրումով ներգրավված էին այս երկու ոլորտներում հսկայածավալ ուսումնասիրություններ իրականացրած և լուրջ տեղեկատվական բազա հավաքած միջազգային (USAID, UNDP և այլն) ու տեղական ամենաբարձր որակավորում ունեցող մասնագետներ, ինչպես նաև ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Այս խմբերի աշխատանքային հանդիպումներին մասնակցելու համար մեզ դիմել էին նաև դատախազության և քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, քանի որ նրանց վարույթում էին գտնվում փոքր ՀԷԿ-երի և ձկնաբուծարանների վերաբերյալ հարուցված քրեական գործեր, և նրանց պետք էր որակյալ մասնագիտական խորհրդատվություն այդ խճճված ոլորտների վերաբերյալ։ Դա դեռ 2018 թիվն էր, բոլորը կարծում էին, թե ոլորտում իսկապես հեղափոխական փոփոխություններ պետք է արվեն։
Այդ աշխատանքային խմբերի գործունեությունը, իհարկե, շատ օպերատիվ կերպով դադարեցվեց, քանի որ ներկայացվող փաստագրված տվյալները մեզ անշեղորեն տանում էին համակարգային կոռուպցիոն սխեմաների, անօրինական և ստվերային բիզնեսների «դուռը»։ Կիսատ մնացին նաև անտառահատման, որսագողության դեմ համատեղ պայքարելու համար աշխատանքային խմբերի ստեղծման գործընթացները, որոնց համար արդեն իսկ մշակված էին հստակ գործիքներ՝ տեսչության վարչական բազայի հիման վրա լայն հանրային համագործակցություն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, IT ոլորտի ու արշավական խմբերի մասնակցությամբ։
Վերադառնալով երեկվա՝ Փաշինյանի արձանագրած «արդյունքներին»՝ շատ կարճ ուրվագծեմ մեկ-երկու խնդիր, որոնց շուրջ է պտտվում ամբողջ կոռուպցիոն խճանկարը՝ փոքր ՀԷԿ-երի բնապահպանական խնդիրները գրեթե ամբողջությամբ պարփակված են ջրօգտագործման թույլտվության տրամադրման և ամբարտակի կառուցան քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումների շուրջ։ Փորձեք քանդել այս երկու հարցերը և կբացեք ՀԷԿ-երի հարցում Պանդորայի արկղը ու կտեսնեք, թե ջրաչափերի տեսքով ի՞նչ «Ճ» կարգի խնդիր է հրամցվել Փաշինյանին, որը նա մինչև հիմա ծամծմում է։ Արտեզյան ավազանի հարցում նույնպես առանցքային խնդիրը տրված ջրօգտագործման թույլտվությունների օրինականության հարցն է, որոնցով հաշվի չեն առնվել ավազանի՝ օրենքով սահմանված 1,1 մլրդ․ խմ․ առավելագույն վերականգնվող պաշարի սահմանափակումը, իսկ թույլտվության տրամադրումից հետո հիմնական կոռուպցիոն ռիսկերը պարփակված են՝ ավազանի հաշվին սնուցվող ձկնաբուծարաններում բնապահպանության նախարարության կողմից իրականացվող եռամսյակային մոնիթորինգի նկարած «տվյալներում» և ձկնաբուծարանների կենտրոնական փականի չափաբերման ընթացքում ունեցած անսահմանափակ հայեցողականությամբ»: