Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը հայտնում է. «2020թ. Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի հիշատակի արարողությունները Ֆրանսիայում անցկացվում են մեկուսացման բացառիկ պայմաններում՝ Ֆրանսիայում հայտարարված սանիտարական արտակարգ դրության պատճառով:

Ապրիլի 24-ին Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ տեղի ունեցավ հիշատակի արարողություն, որին մասնակցեցին Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը:
     Նույն օրը ոչ բազմամարդ հիշատակի արարողություններ են կազմակերպվել Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում: Հեռահար կարգով՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված՝ հարյուրավոր ուղերձներ են հղել Ֆրանսիայի քաղաքների քաղաքապետեր, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ և սենատորներ, հայ ժողովրդի բազմաթիվ բարեկամներ»: