Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանի իշխանությունից ուղիղ 20 ժամ պահանջվեց, որպեսզի ֆիքսեն, որ «Независимая газета»-ի՝ Խոջալուի դեպքերի մասին հրապարակումը ադրբեջանական պատվեր է: Եվ անցած 20 ժամերի ընթացքում, երբ հազիվ հայկական մամուլում կիսահայտարարություն էին փորձում տարածել, ադրբեջանական կողմը ապատեղեկատվության և դեպքերի իրեն ձեռնտու շարադրանքի հերթական դոզան բաց թողեց, այս անգամ՝ Gazet.ru-ում, Lenta.ru-ում, BBC-ի ռուսական ծառայությունում և մի շարք այլ օտարալեզու առաջատար ԶԼՄ-ներում:

Պատեհ ու անպատեհ առիթով հիբրիդային ու քարոզչական պատերազմից խոսող ներկայիս պաշտոնյաներին հուշում՝ հենց սա է «հիբրիդային պատերազմը», հենց սա է «քարոզչական պատերազմը», որին դուք դիմակայելու ո՛չ ունակություն, ո՛չ էլ մտավոր պոտենցիալ ունեք: Ես այս փաստն արձանագրում եմ մեծագույն ցավով, քանի որ ականատես եմ եղել, թե ինչպես են մի խումբ մարդիկ տարիներ շարունակ գիշեր-ցերեկ աշխատել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծվող քարոզչական պատերազմին դիմակայելու համար և ամեն անգամ փաստերով ջախջախել են ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական սուտը:

Իսկ Ադրբեջանը պատմությունը խմբագրելու, դեպքերն իրեն ձեռնտու ձևով միջազգային հանրության ներկայացնելու փորձեր արել է միշտ, բայց ի տարբերություն այսօրվա, ստացել է համարժեք պատասխան: Ընդ որում, օտարալեզու մամուլում հրապարակվելիք նյութերն ու միջոցառումերի պլանը կազմված է եղել շատ ամիսներ առաջ: Իսկ հիմա անգամ պոստ ֆակտում համարժեք պատասխան տալու ռեսուրս չունի այս իշխանությունը, քանի որ ատելության ողջ պոտենցիալը կենտրոնացրել է երկրի ներսում՝ այդպես էլ չհասկանալով, որ թշնամին Հայաստանի սահմանից այն կողմ է, իսկ պատերազմը առնվազն տեղեկատվական դաշտում երբեք չի ավարտվել: