ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շուրջօրյա ռեժիմով ես ստանում եմ վիդեոկադրեր և երկար տեքստեր այն մասին, որ թափառող շներն այլևս լուրջ վտանգ են բնակիչների համար ու դրա մեղավորը ես եմ, որ օրենքի ուժով արգելել եմ Կալաշնիկովը հանել և գնդակահարել կենդանուն։
Մի քանի հարյուր անգամ համբերատար բացատրելուց հետո, որ իմ հեղինակած օրենքն ագրեսիվ ու մարդկանց վրա հարձակվող շների հետ որևէ կապ չունի, հասկացա, որ կա՛մ հրապարակային հայտարարություն պիտի անեմ, կա՛մ պիտի դառնամ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» տնօրենը։
Եվ ուրեմն, ևս մեկ անգամ լսեք սիրելինե՛րս, հարազատնե՛րս, հարգարժաննե՛րս։ Քրեական օրենսգրքում մեր առաջարկած փոփոխությունը կարգավորում է կենդանուն դիտավորյալ, կրկնում եմ՝ դիտավորյալ, նորից եմ կրկնում՝ հատուկ դիտավորությամբ խեղելը, սպանելը քրեականացնելու հարցը։ Մեկ անգամ ևս ուշադրություն դարձրեք «դիտավորյալ» բառի վրա։ Այսինքն, որ ձեր դարակից Կալաշնիկովը հանեք ու հատուկ դիտավորությամբ կրակեք կենդանուն։ Վերջ։
Այլ «մեղք» այդ օրենքի կարգավորումը չունի։
Եվ ուրեմն, սիրելինե՛րս ու հարազատնե՛րս, էդ նամակներն ու վիդեոսյուժեները պիտի ուղարկեք քաղաքապետին և քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ին, որի անմիջական, կրկնում եմ՝ անմիջական պարտավորությունն է հավաքել թափառող շներին, ստերջացնել, կամ՝ սրսկումով, մարդասիրական տարբերակով քնեցնել։
Ինչի համար և այդ կառույցը հսկայական գումարներ է ստանում։
Երեկ մեր ավագանիները անսպասելի այցելել են «Թափառող կենդանիների վնասազերծման» կենտրոն ու նմուշի համար մեկ շուն անգամ այնտեղ չի եղել։ Ու գիտե՞ք ինչ են ասել մեր ավագանիներին։ Բռնվեք՝ չընկնեք։ Ասել են թափառող շները հոտով ճանաչում են կենտրոնի աշխատակիցներին ու նրանց մոտենալուն պես անէանում են։
Եվ ուրեմն, սիրելիներս, հարազատներս ու հարգելիներս, եկեք միասին, ես էլ ձեզ հետ պայքարենք, որ քաղաքապետարանն ու նրան ենթակա կառույց, որի տնօրենը ստանում է 850 հազար դրամ աշխատավարձ, իրենց գործն անեն ու չփորձեն իրենց անգործությունը սվաղել՝ մեղադրելով օրենքին ու ինձ։
Չի ստացվելու:
Ի դեպ, սույն ՀՈԱԿ-ը երեկ հայտարարություն է տարածել, ինչպես գրված է հայտարարության մեջ, նորից բռնվեք' չընկնեք' «վերջին շջանում կծման դեպքերի հետ կապված»: Փաստորեն, հա էլի, կծման»: