Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.
«ԻՔ պատգամավորներից մեկին (Արուսյակ Ջուլհակյանին) լրագրողը հարցնում է, թե արդյոք այս հանրաքվեն նաև վստահության հանրաքվե է իշխանության հանդեպ:
Պատասխանում է, որ այո, բայց առաջին հերթին անվստահության հանրաքվե է նախորդների հանդեպ:
Ներկայի քաղաքական համարվող խումբը սիրուն տեղավորվել է նախորդների ստեղծած համակարգի մեջ, գործում է անցյալի տրամաբանությամբ' միևնույն կորզող համակարգի ներքո, բայց դեռ շարունակում է մարդկանց մանիպուլացնել նախորդների «հրեշավոր» կերպարով' իրենց առաջնորդող անհատի միանձնյա իշխանությունը ընդլայնելու մոլուցքը հագեցնելու և նրա անձնային վախերը փարատելու համար:
ժողովրդի լայն զանգվածները փողոց դուրս եկան շուրջ երկու տարի առաջ և մերժեցին նախորդներին և այդ մերժումը հաստատեցին ԱԺ ընտրություններում: Սակայն, իշխանության նոր կրողները Իմ Քայլը անվան ներքո լեգիտիմացրին մերժած համակարգը' ստանձնելով իրավահաջորդություն և հիմա էլ կրկին ժողովրդին են դիմում նախորդներին մեկ անգամ էլ մերժելու հորդորով:
Սա ոչ այլ ինչ է, քան հակահեղափոխություն: Եվ այս հակահեղափոխության մարմնավորում է դարձել Իմ Քայլ խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, ով համակարգային փոփոխությունների չի գնում, ով օլիգարխային դարձրեց խոշոր սեփականատերեր, և ով օտարների կորզող համակարգերը ներդրումներ և համագործակցություն անվանեց:
Արդյո՞ք ժողովուրդի լայն հատվածներ կշարունակեն աջակցել այս ծպտված հակահեղափոխականներին: Կարծում եմ, որ միառժամանակ' այո: Դեռ որոշ ժամանակ կպահանջվի իշխանության եկած ծպտյալ հակահեղափոխականներին հեռացնելու համար և սա ուղղակիորեն կախված է նրանից, թե դաշտում ինչ նոր ուժեր կհայտնվեն, որոնք հետզհետե կսկսեն վայելել ժողովրդի լայն զանգվածների վստահությունը:
Քանի դեռ վստահելի և որակյալ այլընտրանք չկա, կեղծ հեղափոխականները կշարունակեն նախորդներից ժառանգած' պետության և ինքնիշխանության կազմաքանդման գործընթացը»: