18:38
Հովհաննես Ավետիսյան. «Սրանք ընդամենը մի քանի փոքր օրինակներ էին կառավարման հատվածում իրական թափանցիկության և հաշվետվողականության բացակայության մասին»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը օգոստոսի30-ին ֆեյսբուքում գրել է.

«Մի բան ասեմ գնանք քնենք:

Ուրեմն այս գրառումը կթվա թե սովորական հերթականն է ու չպետք է լուրջ ընկալենք:
Բայց իրականում սա խոսում է պետականության աղետի մասին: Երբ երկրի վարչապետը թափանցիկություն ասելով հասկանում է (ըստ այս գրառման դա կարելի է ենթադրել) իր ֆբ հաշվի վիճակագրությունից մի հատվածի հրապարակում:

Վարչապետի մասով թափանցիկություն, իսկ սրան էլ ավելացրած հաշվետվողականություն եզրույթները պետք է բացառապես առնչվեին պետական կառավարմանը: Այսինքն, դրանց մասին խոսելիս նա պետք է ներկայացնի իր կառավարման ներքո գտնվող հաստատությունների գործունեությանը առնչվող տեղեկատվություն, որով ի ցույց կդրվեին թափանցիկության և հաշվետվողականության գործուն լինելը:

Հեղափոխությունից ի վեր բազմիցս են եղել դեպքերը, երբ մենք չենք տեսել այս մարմինների և հաստատությունների կողմից գործունեության, ոչ թափանցիկություն, ոչ էլ առավել ևս հաշվետվողականություն:
Օրինակները շատ են, բերեմ մի քանիսը…
-հարկային մարմին (չէին ուզում տրամադրել հդմ պատմության հետ կապված տվյալները),
-էկոնոմիկայի նախարարություն (չի տրամադրում ներդրումային ծրագրերի հետ կապված տվյալները),
-շրջակա միջավայրի նախարարություն (անհասկանալի է, ոնց է վնասված պատնեշով պոչամբար շահագործվում, իսկ նրանք լուռ են),
-կառավարության ծրագրի տարեկան հաշվետվություններ (ծրագրով նախատեսված կետեր կան չեն կատարվում, սակայն պարզ չէ թե ինչու)…
-դե Ամուլսարի շուրջ ծավալված թոհուբոհից դուք ինքներդ օրինակներ կբերեք:

Սրանք ընդամենը մի քանի փոքր օրինակներ էին կառավարման հատվածում իրական թափանցիկության և հաշվետվողականության բացակայության մասին:

Իսկ այն «թափանցիկությունը», որ մեր վարչապետը մեզ հրամցնում է` իր երեկոյան ոչ աշխատանքային այցերի և ընտանիքում անցուդարձի հետ կապված տեսանյութերի և նկարների հրապարակման, իսկ այս անգամ էլ իր ֆբ էջի վիճակագրական մասից հատվածի հրապարակման տեսքով, մեզ ընդհանրապես չպետք է հետաքրքրի:
Սրանք իր նեղ անձնականն են, և մենք չպետք է սրանք որպես փոխհատուցում ընդունենք կառավարման մասով իրական թափանցիկության և հաշվետվողականության բացակայության»:


Առաջարկում ենք նաև
Լրահոս