Կոստանյանը Փաշինյանին բացառիկ շանս է ընձեռում. գնդակը Նիկոլի դաշտում է. Էդուարդ Շարմազանով
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Գրառման մեջ նա անդրադառնում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությանը, որում ասվում էր, որ վերջինս շուտով վերադառնալու է Հայաստան։
«Այսօր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդես է եկել հայտարարությամբ,որտեղ պատրաստակամություն է հայտնում վաղն ևեթ վերադառնալ Հայաստան՝ պատասխանելու հարցերին, պայմանով, որ Փաշինյանն ապահովի հրապարակայնությունն ու համապատասխան մարմինների ղեկավարների ներկայությունը։
Ժամանակին Գևորգը համարում էր, որ Նիկոլն ազնիվ է իր նպատակներում, ես նման իլյուզիաներ չեմ ունեցել, քանի որ չի կարող իր նպատակներում ազնիվ լինել մի մարդ, ով հասարակությունը բաժանում է սևերի և սպիտակների, արշավում է դատական և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների վրա։
Մարդ, ով դեռևս 2018թ.-ի ամռանը սուտ հայտարարություն արեց, թե Մարտի 1-ը ամբողջությամբ բացահայտված է, այդպես էլ 10 զոհերի հետ կապված որևէ նոր բան չհայտնաբերելով։
Կոստանյանը Փաշինյանին բացառիկ շանս է ընձեռում ապացուցելու, որ նա երբեմն կարող է ազնիվ լինել իր նպատակներում։
Գնդակը Նիկոլի դաշտում է ։
Հ.Գ.Այդուհանդերձ պատրանքներին ապավինելն ինքնախաբեություն է»,- գրել է Շարմազանովը։