Վերջերս ընկերներիցս մի քանիսը տարածել էին Դավոսում իսրայելցի մոդայիկ գրող, ֆուտուրոլոգ Հարարիի ելույթների նյութերը։ Ինձ համար նորություն չկար իր ասածում, միայն արձանագրեցի, որ ազգայնականությունից խոսելը վերջերս «թրենդային» է դարձել։
Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչպես ընդամենը 10–12 առաջ նույնչափ մոդայիկ էր խոսել ազգայնականության և ազգային պետության մոտալուտ սննկացման և կործանման մասին։
Ինչևէ, Հարարիի որոշ մտքեր, որոնց հետ համաձայն եմ…
Ա. Ավտոմատացումը, արհեստական բանականության զարգացումը միլիոնավոր աշխատատեր է վերացնելու։ Փոխարենը նոր աշխատատեղեր կբացվեն, բայց քիչ հավանական է, որ, առանց գործ մնացած, ասենք՝ 60 տարեկան վարորդը կամ հաշվապահը կարողանա նոր՝ «թվային դարաշրջանին» համապատասխանող, մասնագիտություն սովորել։ Առավել ևս, որ կարող է պարզվել, որ 5–6 տարուց էլ մեկ այլ մասնագիտություն պետք է սովորի։
Բ. Նոր տեխնոլոգիաների բուռն աճը ոչ միայն միլիոնավոր մարդկանց է «ավելորդ» դարձնելու, այլ նաև շատ պետությունների։ Ըստ էության այսօր արդեն մի քանի տերություն տեխնոլոգիապես այնքան առաջ են, որ աշխարհի մնացած պետությունների զգալի մասն է՛լ շանս չունի առաջատարներին հասնելու։ Ինչը նոր՝ «թվային գաղութացման» դարաշրջանի առաջացման վտանգ է ստեղծում։
Իսկ ի՞նչ կապ ունի ազգայնականությունը, կհարցնեք ինձ։
Հարարիի կարծիքով ազգայնականությունը պետք է դադարի հակադրվել գլոբալիզացիային, տարբեր երկրների ազգայնականները պետք է համատեղ ջանքերով դիմադրեն գալիք թվային գաղութացմանը։
Իմ կողմից ավելացնեմ մի հետաքրքիր դետալ. 18-ից մինչև 20րդ դարի վերջերի ազգայնականությունը հենց գաղութացման դեմ պայքարի գաղափարախոսություն էր, այսինքն՝ «ընդդեմ» էր (ընդդեմ բրիտանական գաղութարարներին, ընդդեմ ամերիկյան կամ ճապոնական իմպերիալիստներին, ընդդեմ ռուսական, իսկ հետո նաև սովետական իմպերիալիզմին ևն)։
Ըստ Հարարիի՝ թվային դարաշրջանի ազգայնականությունը պիտի լինի «հանունի» գաղափարախոսություն, իմա հանուն ազգային պետությունների։
Ըստ ինձ՝ ազգայնականությունն ուզի թե ոչ, պետք է դիմադրի գլոբալիզացիային (բայց ոչ անտեսի դրա գոյությունը), հակառակ դեպքում ո՞րն է իմաստը ազգերի բաժանման և ազգային պետությունների ինքնիշխանության։ Եթե նպատակ չես դնում պահպանելու և զարգացնելու ուրիշներից որոշ չափով տարբերվող քո յուրահատուկ մշակույթը, կենսակերպը, եթե նպատակ չունես ազգային շահերդ առաջ տանելու, ապա կորում է իմաստն ազգային պետություն պահպանելու։ Նամանավանդ Հայաստանի պես փոքր երկրում. ի՞նչ մի դժվար է 3 մլն մարդու տեղափոխել ԱՄՆ, Եվրոպա կամ Չինաստան ու համալրել «առաջադեմ ազգերի» շարքերը։
Այնպես որ, պարոն Հարարի, ծը… Այո՛, ճիշտ եք ներկա սպառնալիքների մասով, ճիշտ եք, որ ազգայնականները պիտի գործեն հանուն իրենց ազգերի, ճիշտ եք, որ ազգերը պետք է համագործակցեն թվային գաղութացման վտանգը չեզոքացնելու համար։ Բայց գլոբալիզացիան շարունակում է սպառնալիքներ պարունակել ազգային ինքնության համար։ Եւ այդպես կոչված թվային գաղութացումը նույնպես գլոբալիզացիայի մաս է։
Ցանկացած դեպքում միանշանակ է, որ այսօրվա ազգայնականությունը պիտի լինի ռացիոնալ, ունենա գիտատեխնիկական ամուր հիմք, լինի պատրաստ արագ փոփոխություններին և այդ փոփոխությունների հեղեղում պետք է պահպանի թացը չորից, «свой-чужой»-ը տարբերելու ունակությունը։
#ռացիոնալԱզգայնականություն
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից: