Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի այսպես կոչված Անվտանգության խորհրդի այսպես կոչված քարտուղար Արշավիր Ղահրամյանի հայտարարությունը Մինսկի համանախագահող մի երկրի դեմ` ուղղակի հաճոյանալու փորձ է նույն խմբի մեկ այլ երկրի հանդեպ: Ու թեև Երևանում և Ստեփանակերտում հավատում են սեփական ցնորքին թե Արցախն անկախ պետություն է` Հայաստանի դրսի գործընկերները գիտեն իրականությունը: Եվ երբ հայկական բանակի արցախյան կորպուսի մի գեներալ, որ իբրև թե Հայաստանի մի մասի անվտանգության խորհուրդն է ղեկավարում, նման հայտարարություն է անում, դա դիտվում է կա՛մ որպես պաշտոնական Երևանի անուղղակի դիրքորոշում, կա՛մ որպես հայկական կողմի հստակ թշնամական մոտեցում: Եվ եթե Երևանում իրոք տեղյակ չեն կամ չեն պատրաստվում առնվազն պաշտոնից հեռացնել մի խումբ արցախյան «տնայնագործ գեոպոլիտիկների»` ապա ստացվում է, որ Հայաստանում` Հայաստանի կռիվը չհանդիսացող հարցում մի բարեկամ տերության անունից` գնում են մեկ այլ բարեկամ գերտերության հետ բացահայտ առճակատման, իսկ Հայաստանի մի մարզն ինքնուրույն արտաքին քաղաքականություն է վարում, որն անչափ վտանգավոր հանգամանք է:

ԱՄՆ-Իրան հակամարտությունում հակաամերիկյան դիրքորոշում բռնելն ուղղակի ազգային անվտանգության սպառնալիք է Հայաստանի համար և գործընկերային լավ հարաբերությունների փչացում մի ուժի հետ, որ Հայաստանին ոչ միայն երբևէ չի վնասել, այլև նպաստել է և օգնել և որի հանդեպ նման դիրքորոշման որդեգրումն առաջիկա հնարավոր տարածաշրջանային կոնֆլիկտի պարագայում կարող է խիստ նպաստավոր պայմաններ ստեղծել Ադրբեջանի համար` հակահայաստանյան հաջող ռազմարշավ իրականացնելու գործում:

Մյուս կողմից Հայաստանի բարեկամ Իրանի դեմ դիրքորոշում արտահայտողներն են վտանգում Հայաստանի բարեկեցությունը, որովհետև երկրի Հարավային սահմանն անչափ կարևոր է Երևանի համար, և այլընտրանք այն ուղղակի չունի:

Երբ ԱԳՆ-ն անգույն ու տտիպ հայտարարություններ է անում, իսկ երկրի գեներալներն ինքնագլուխ արտաքին քաղաքականություն վարում, երբ նրանց քննադատելու փոխարեն Հայաստանի վարչապետը տեղերում հանգիստ նստելու սպառնալիք է հնչեցնում իրավիճակը վերլուծող քաղաքագետներին` հարց է առաջանում, թե ուր է գնում այդ երկիրը»: