ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մեկ տարի առաջ Հայաստանում իշխանազավթման ընթացքում արձանագրվեց ևս մեկ զոհ՝ երկրի օրենսդիր մարմինը:
Էյֆորիկ շրջանում, վարչական ռեսուրսի կիրառմամբ, ատելության ծայրաստիճան դրսևորումներով ձևավորված Ազգային Ժողովը քաղաքական առումով ի սկզբանե մեռելածին էր, և պետք է արժանանար ոչ թե ծննդյան վկայականի, այլ մահախոսականի:
Ինչպես կանխատեսում էի, «Նիկոլի կեպկայի, ռյուկզակի և սելֆիի ձողիկի» չափ քաղաքական միտք ունեցող բազմաթիվ նորաթուխ իշխանական պատգամավորներ դարձան Փաշինյանի իշխանության օրենսդիր դեմքը, իսկ ավելի ստույգ՝ անդեմությունը:
Ընտրություններին իշխանությունը գործադրեց բոլոր ջանքերը, որպեսզի մի կողմից թույլ չտա Հանրապետականին հայտնվել ԱԺ-ում, մյուս կողմից՝ հասարակությանը առ այսօր անհայտ անձանց համար ապահովի բազմահազարանոց քվե: Գաղտնիք չէ, որ անգամ մեզ չհամակրող հազարավոր քաղաքացիներ ընտրություններից հետո վստահ էին, որ մեզ չեն թողել ԱԺ, իսկ «ռեկորդակիր»» նորընտիրների դեմքն, անունը և գործունեությունը մինչ այսօր անհայտ է հայ հասարակությանը:
Ազգային Ժողովը սուբյեկտայնությունը ձգտում է զրոյի ոչ միայն ճնշիչ, անորակ և մարտնչող մեծամասնության, այլև իրական ընդդիմադիր ուժերի բացակայության պատճառով:
Պառլամենտը, որն ի սկզբանե չի արտահայտել հանրային քաղաքական ողջ ներկապնակը, դարձել է ոչ թե քաղաքական մտքի և մշակույթի զարգացման, երկրի քաղաքական օրակարգի ստեղծման հարթակ, այլ անվերջ հաթաթաների, փողոցային խոսակցությունների, սպառնալիքների և ճվճվոցի վոդեվիլային ինստիտուտ:
Պատահական չէ, որ ոչ իշխանական գործիչների շուրթերից այս կամ այն գործընթացի առնչությամբ պարբերաբար կարող եք լսել, որ նման բան անցյալում չի եղել, իսկ շարքային քաղաքացիների կողմից «ձեր տեղը ԱԺ-ում զգացվում է» արտահայտությունը այլևս ուղեկցում է ինձ և իմ գործընկերներին ամենուրեք:
Ներկա Ազգային ժողովը դիսֆունկցիոնալ է՝ երկրում տիրող համընդհանուր բարոյական և մտավոր անկման ֆոնին:
Իրեն ակնհայտորեն զգացնել է տալիս նաև օրենսդիր մարմնում ազգային գաղափարական հենքով քաղաքական ուժերի բացակայությունը, որն ի զորու չեն լրացնել նման օրակարգ գնահատող առանձին վերցրած գործիչները:
Փոխարենը այլևս լեգենդար են դարձել ԱԺ պարգևատրումների (10 ամսում՝14 անգամ), անթիվ և անպտուղ գործուղումների, շռայլ ծախսերի և արտերկրում մեր օրենսդիրների զավեշտալի արկածների մասին պատմությունները:
Ամփոփելով՝ պետք է փաստել, որ երկրում քաղաքական մտքի կլինիկական մահը կենսբանականի չվերածելու համար անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ»: