Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 16-ին խորհրդարանում արտահերթ ելույթի ժամանակ անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ ՍԴ որոշմանը, այն համարել ոչ լեգիտիմ, քանի որ մի քանի դատավոր իրավունք չունեին մասնակցելու գործի քննությանը, ինչպես նաև հայտարարել է, որ խորհրդարանը պետք է անդրադառնա ՍԴ հարցի լուծմանը: Թե ինչո՞ւ ԱԺ նախագահը հանկարծ որոշեց բարձրացնել ՍԴ խնդիրը, արդյոք ԱԺ նախագահի ելույթը նշանակո՞ւմ է, որ իշխող ուժը կայացրել է դատական համակարգին առնչվող քաղաքական որոշում, այս և այլ հարցերի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ:

«Ակնհայտ ծրագրավորված ակցիա էր. գործադիր իշխանությունը տեսավ, որ ամռանն իր մոտ ոչինչ չստացվեց, «խրամատներում դարանակալեց» և աշնանը՝ քաղաքական սեզոնի մեկնարկին, փորձում է օրենսդիր իշխանությանը մոբիլիզացնելով հերթական գրոհը կազմակերպել ՍԴ-ի վրա»,- ասաց Աշոտյանը:

Ըստ նրա՝ այս անգամ մեկնարկը տրվել է ԱԺ նախագահի շուրթերով, այսինքն՝ ԱԺ-ն ամբողջությամբ մեղսակից է դառնալու դատական իշխանության նկատմամբ գործադիր իշխանության ղեկավարի կողմից սանձազերծված պատերազմի. «Տարօրինակ է մի մարդու դեպքում, ինչպիսին Արարատ Միրզոյանն է, որը բավականին հմուտ և փորձառություն ունեցող անձնավորություն է, և իր քաղաքական ինքնապահպանության բնազդը իրեն պետք է հուշեր, որպեսզի հեռու մնա նման տեսակի հակասահմանադրական և պարսավելի քաղաքական ավանտյուրաներին մասնակցելուց: Օրինակ՝ Ամուլսարի հարցում դա իրեն հաջողվում է՝ պատասխանատվությունից խուսափել և խնդիրը թողնել գործադիրի ուսերին: Փաշինյանը կրկին սխալվում է, եթե իրեն թվում է, որ մի գործադիր իշխանությունով կարող է դատականի հարցեր լուծել, որը չստացվեց, հիմա փորձում է մոբիլիզացնել նաև օրենսդիր իշխանությանը: Ստացվում է՝ իշխանության երկու ճյուղերը մյուս ճյուղին դեմ են: Այսքանից հետո խոսել ժողովրդավարության մասին՝ աբսուրդ է: Ազգային ժողովը պատրաստ է հետևակ աշխատել Ն. Փաշինյանի համար»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:Աշոտյանը նկատեց՝ Փաշինյանի վանաձորյան «խոսքհեղեղի» մեջ նույնպես հնչել է, որ ՍԴ-ն կայացրել է հակաօրինական որոշում, և նրա կարծիքով զավեշտալի է, որ «ինչ-որ վարչապետ» իրեն թույլ է տալիս մեկնաբանել ՍԴ որոշումները:

 

Նկատենք, որ Արարատ Միրզոյանի ելույթը տեղի ունենցավ Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության Հայաստան այցին զուգահեռ: Հնարավո՞ր է՝ Վենետիկի պատվիրակության հետ քննարկվում է նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը, որի վերաբերյալ ՍԴ-ն դիմել է ՄԻԵԴ և Վենետիկ՝ խորհրդատվական կարծիքի ստանալու համար, հարցին ի պատասխան՝ Աշոտյանն ասաց, որ հայտնի է, որ Վենետիկյան հանձնաժողովն իր մտահոգությունները հայտնել է դատարանների շրջափակման, ՍԴ շուրջ ստեղծված գործընթացի հետ կապված: Նա ընդգծեց՝ գիտենք, որ ՍԴ-ն Վենետիկյան հանձնաժողովից ակնկալում և ստանալու է խորհրդատվական կարծիք, ինչպես նաև, որ Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունն էր հրապարակվել, որը թաքցվում էր, իսկ երբ հրապարակվեց, «այս իշխանությունն այն սվաղելու անհաջող փորձեր արեց»:

«Ես չեմ բացառի, որ 2 վարկածն էլ կյանքի իրավունք ունեն. մի վարկածը վա բանկ գնալն է, այսինքն հենց Վենետիկի պատվիրակության ներկայությամբ Հայաստանում սկսել հերթական գրոհը, և երկրորդ՝ այդքան քաղաքական հոտառություն չեն ունեցել, որ նման «ափաշքյարա» բաներ Վենետիկի փորձագետների ժամանելու օրերին չանեին: Շատ զավեշտալի է, որ ՍԴ ճակատագիրը որոշվելու է քաղաքական մեծմասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության՝ ժողովրդին անհայտ, քաղաքական կենսագրություն չունեցող, հասարակության ծաղրուծանակի թիրախ դարձած  մի շարք պատգամավորների կողմից»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը: 

 

Սոնա Հարությունյան