«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կապիկը հենց այսօր կտեղափոխվի Կենդանաբանական այգի
Քիչ առաջ զրուցեցի ռեստորանի սեփականատերերի հետ, ովքեր ասացին, որ իրենք պարբերաբար դիմել են Կենդանաբանական այգու նախկին տնօրինությանը՝ կապիկին հանձնելու համար, սակայն որեւէ արձագանք չեն ստացել, այդուհանդերձ կապիկի պահման անհրաժեշտ պայմանները փորձում են ապահովել։
Հենց նոր խոսեցի Կենդանաբանական այգու նորանշանակ տնօրեն Վլադիմիր Սիմոնյանի հետ, ներկայացրեցի իրավիճակը եւ հենց այս պահին այգու տնօրենը, բժիշկների խմբի հետ մեկնում է Գյումրի՝ կապիկին Երեւանի Կենդանաբանական այգի տեղափոխելու համար։
Շնորհակալ եմ նոր տնօրենին՝ օպերատիվ արձագանքի համար։ Կապիկն այսօր արդեն կլինի Կենդանաբանական այգում»:
Հիշեցնենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը գրել էր, որ ահազանգ է հնչել Գյումրի քաղաքից, որտեղ անմարդկային պայմաններում կապիկ է պահվում: