Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.
«Մի բան պատմեմ գնացեք քնեք:
ԱՄՆ-ում հայտնի հանրային մի մեծ խնդիր կա, որ կոչվում է ափիոնային համաճարակ (opioid epidemic): Սա վերջերս համապետական արտակարգ իրավիճակի կարգավիճակ ստացավ:
Օպիոիդ ասվածը ափիոնանման ցավազրկող դեղերն են, որ կախվածություն են առաջացնում, ինչը հայերենում անվանում են թուլամոլություն (թմրանյութ օգտագործողն էլ գիտեք թմրամոլն է):
Սրանց չարաշահումը այնքան մեծ տարածում է ստացել, հատկապես երիտասարդների շրջանում, որ մեծ չափերի հասնող աղետալի ելքերի է հանգեցնում ու պետությունը իր ամբողջ ուժով լծվել է այդ դեղամիջոցների վտանգավոր տեսակների արգելման և շուկայից վերացման գործին:
Այս համաճարակին մեծ մասնակցություն և «նպաստ» ունենալու մեջ մեղադրվում է Purdue Pharma-ն, որի նկատմամբ շատ նահանգներ դատական գործեր են հարուցել:
20-րդ դարի սկզբին ներկայի Ուկրաինայի տարածքից Սակլեր ազգանունով մի հրեական ընտանիք գաղթում է ԱՄՆ: Ընտանիքի զավակները սովորում են բժշկական մասնագիտությամբ և դառնում հայտնի բժիշկներ և դեղագործներ, որոնք էլ հիմնադրում են վերոնշյալ դեղագործական ընկերությունը և սկիզբ են դնում այդ ափիոնանման դեղերի արտադրությանն ու տարածմանը:
Այս ընտանիքի անդամները ժամանակի ընթացքում հարյուրավոր միլիոնների հասնող բարեգործություններ են արել, այդ թվում Թավթս համալսարանում, որտեղ մի կարճ ժամանակ նաև ես եմ ուսանել:
Այսօր տեղեկացա, որ Թավթս համալսարանի տնօրինությունը որոշել է Սակլեր ընտանիքի անունը հանել բոլոր առկա ծրագրերի, ֆոնդերի և կառույցների անվանումներից, որոնք ստեղծվել էին նաև նրանց մեծ հովանավորչությամբ: Վարձված անկախ ստուգողները համալսարանին նաև խորհուրդ էին տվել դոնորների, այսինքն նվիրատուների անհրաժեշտ որակներ և ճափանիշներ սահմանող քաղաքականություն մշակել, որի համաձայն նվերը ստանալուց առաջ կստուգվի անձանց ինքնությունը և դրանց կողմից ծավալած գործունեության օրինականությունը և հանրային ազդեցությունը:
Եվ վերջապես, այս պատմությունը համադրեք Երևան քաղաքապետարանի վերցրած նվերների պատմության հետ, հանրությանը հայտնի (վատ իմաստով և թեմաներով հայտնի) անձանցից և կազմակերպություններից:
Եվ հետո եկեք մտածենք ինչքանո՞վ է այս ամենը արդար կամ բարոյական: