Եթե արվում են հայտարարություններ, դրանք պետք է բացվեն եւ ներկայացվեն կոնկրետ փաստեր: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարություններին, ըստ որոնց, երկրին սպառնացող վտանգներ կան, «Սորոսի գրասենյակը» վտանգ է ներկայացնում, կուսակցություններ կան դրսից են ֆինանսավորվում եւ այլն:
Հարցին, թե արդյոք մտահոգիչ չէ, որ ԱԱԾ նախկին տնօրենը նման հայտարարություններ է անում, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ձեռքիս տակ չունենալով կոնկրետ փաստեր, ասել՝ մտահոգիչ է, թե ոչ: Երբ, որ պարոն Վանեցյանը կներկայացնի կոնկրետ առարկայական փաստեր, այդ ժամանակ ես կասեմ՝ այո, կամ ոչ»: