Մեր պետության իրավական բնույթը հոգեվարքի մեջ է: Զգուշացնում եմ, որ շատ մոտ ենք նոր քաղաքական ֆենոմենի ձևավորմանը, որը կոչվում է «քաղաքական աղանդ»: Այսպիսի ենթադրության հիմքերն ամբողջությամբ պատկանում են իշխանական շրջանակների և նրանց քաղաքական արբանյակների քաղաքական մշակույթի, իրավունքի և արդարադատության մասին ընկալումներին: Այդ մշակույթի ամենացայտուն օրինակներից մեկը լսեցի վերջերս, որտեղ Փաշինյանը որակվեց «պետության սիմվոլ և գերագույն գլխավոր հրամանատար»: Որ չամաչեն, կարող է ասեն նաև, որ «նրա գործերն անքննելի են»: Չեմ ցանկանա անդրադառնալ այս որակումների իրավաքաղաքական և սահմադրական հիմքերի անգրագիտությանը, որովհետև, ճիշտն ասած, արդեն անհարմար եմ զգում այս տոտալ իրավական անգրագիտության փայլատակումներից:
Խնդիրն այն է, որ բազմաթիվ անպատասխանատու, քաղաքական և իրավական առումով անգրագետ նախադեպերը շատ արագ ականների տեսքով դրվում են մեր երկրի քաղաքական և հասարակական համակարգի հիմքերում և դառնում են նորմա'ստեղծելով դեգրադացված քաղաքական և իրավական մշակույթ, մինչդեռ իրավական ինկվիզիցիոն գործելաոճը շարունակվում է և արդեն հատում է «ամեն գնով»-ի սահմանները: Հաջորդ փուլերում քաղաքական ինկվիզիցիոն կանոններով փնտրվելու են և գտնվեն «Եժովներ», որոնց հետո կփոխարինեն «Բերիաները», իսկ առաջնորդը կլինի միշտ ճիշտ և միակ արեգակը երկնքում: