Քաղաքական վերլուծական դաշտում բոլորը վաղուց հասկանում էին, որ սեփական գահավիժող վարկանիշի պարագայում' հնարավոր պալատական հեղաշրջման արդյունքում հենց սեփական կողմնակիցների ձեռքով իշխանության բերվելու ամենամեծ շանսերն ունի հենց Արթուր Վանեցյանը:
Երբ պետության ղեկավարը թույլ է տալիս, որ իր հատուկ ծառայության' ըստ էության գաղտնի ոստիկանության ղեկավարը գրեթե ամեն օր հարցազրույց տա ու աստիճանաբար դառնա ռոք աստղ' դա տվյալ անձի մեղքը չէ, որ օգտվում է այդ աննախադեպ հնարավորությունից, այլ պետության ղեկավարի, որ նման աննախադեպ անզգուշություն է թույլ տալիս: Գերպոպուլյար գաղտնի ոստիկանը, իր տիրապետած ռեսուրսներով' պալատական հեղաշրջում կատարելու կամ դրանից օգտվելու լավագույն թեկնածու է: Հենց դա է պատճառը, որ աշխարհի որևէ երկրում, որևէ նորմալ պետությունում երբևէ հատուկ ծառայության ղեկավարը չի լինում այդքան հանրային և այդքան բարձր վարկանիշ ունեցող' չունենալով որևէ քաղաքական անցյալ, չլինելով որևէ ժողովրդավարական, հանրային, հասարակական կամ հեղափոխական ներդրում ունեցող անձ:
Հիմա, երբ այս վարչապետը' չտիրապետելով քաղաքագիտական որևէ գիտելիքի' բավական ուշ հասկացավ այս պարզ քաղաքագիտական ճշմարտությունը' ինքն է հեռացնում իշխանությունից իր իսկ աճեցրած կերպարին և միաժամանակ փորձում է արդեն ստվեր գցել նրա վրա:
Սա լավ ցուցիչ է թե ինչպես է այս վարչապետը կատարում կոպտագույն սխալներ, հետո փորձում շտկել դրանցից ոմանք, երբ հետևանքներն այլևս շատ ծանր են լինելու: Շարքային անվտանգության ծառայողին դարձնելով սուպերաստղ' հետո նրան առանց բացատրության հեռացնելով ու շանս տալով հանդես գալ տուժող ընդդիմադիրի դիրքերից' ամենաանխոհեմ պահվածքներից է, որ երկրի կառավարիչը կարող է իրեն թույլ տալ:
Ցավոք' սա մեկն է միայն բազում այն անհեթեթություններից, որ այս իշխանությունն իրեն թույլ է տվել, տալիս է և դեռ տալու է: