Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանն անընդհատ վիճակագրական տվյալներ է հրապարակում՝ կարծելով, թե դրական տեղեկությունների բազմազանությունը կարող է թեթևացնել Ամուլսարի հասցրած ծանր հարվածը։
Պետք է հիասթափեցնեմ, վիճակագրական մանիպուլյացիան որպես գործիք այլևս իրեն սպառել է և ընդհակառակը՝ քարոզչական տեսանկյունից ավելի շատ բացասական ազդեցություն է թողնում, քան՝ դրական։
Այս ամենի հետ զուգընթաց չենք կարող նաև չարձանագրել, որ իսկապես դրական փոփոխություններ եղել են, օրինակ՝ բարձրացվել են ուսուցիչների, փրկարարների, զինվորականների և բժիշկների աշխատավարձերը։ Բայց, ցավոք սրտի, կառավորղ թիմն այնքան ապաշնորհ ու անհաջողակ գտնվեց, որ իր ստեղծած արատավոր մթնոլորտի պայմաներում փոփոխություններն այդ աննկատ մնացին, ոչ ոք չի հիշում դրանց մասին, այն դեպքում, երբ միայն աշխատավարձերի բարձրացման ֆոնին հնարավոր կլիներ առնվազն մեկ տարվա քարոզչական պաշար կուտակել։ Դա էլ չեն կարողանում անել, ոչինչ չեն կարողանում անել։
Իսկ հիմա տպավորությունն այնպիսին է, թե կառավարության աշխատակազմը օր ու գիշեր որևէ վիճակագրական տվյալի տենդագին որոնումների մեջ է, որպեսզի վարչապետը կարողանա գոնե ինչ-որ կերպ փրկել իր կառավարության դեմքը։
Բայց այդ տվյալները անվերջ չեն, ի՞նչ է լինելու դրանց սպառումից հետո, մի՞թե վարչապետն իր ֆեյսբուքյան պատին գրելու է, թե վերջին հինգ օրերին ՀՆԱ-ի աճի տեսանկյունից Հայաստանն առաջատարն է աշխարհում»։