Ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի քաղաքացիներ, ծնողներ, լրագրողներ, որոշեցի տեղադրել ՀՀ ընտանեկան օրենսգրքի որոշ հոդվածներ: Կարծում եմ օգտակար կլինի իմանալ, քանի որ շատ դեպքերում, երեխաներին մի ծնողից մյուսին հանձնելու խնդրանքով, իսկ որոշ դեպքերում էլ պահանջով դիմում են ոստիկանությանը, մինչդեռ տվյալ գործընթացը վերապահված է այլ մարմիններին: Մեկ անգամ ևս նշեմ, որ ՀՀ ոստիկանությունը իր գործողությունները իրականացնելիս առաջնորդվում է բացառապես գործող օրենքների և իրավական ակտերի պահանջների համաձայն:
Հոդված 57.
Ծնողական իրավունքների պաշտպանությունը
1. Ծնողները կարող են պահանջել վերադարձնել իրենց երեխային այն անձից, ով նրան իր մոտ է պահում առանց օրինական հիմքի կամ առանց դատարանի որոշման։ Վեճի առկայության դեպքում ծնողներն իրենց ծնողական իրավունքները պաշտպանելու համար կարող են դիմել դատարան։
Հաշվի առնելով երեխայի կարծիքը' դատարանը կարող է մերժել ծնողների հայցի բավարարումը, եթե հանգի այն եզրակացության, որ ծնողներին վերադարձնելը չի բխում երեխայի շահերից։
2. Եթե դատական կարգով հաստատվում է, որ ո´չ ծնողները, ո´չ էլ այն անձը, որի մոտ գտնվում է երեխան, ի վիճակի չեն ապահովելու նրա դաստիարակությունն ու զարգացումը, ապա դատարանը երեխային հանձնում է խնամակալության և հոգաբարձության մարմնի խնամքին։
2. Երեխաների դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող բոլոր հարցերը ծնողները լուծում են փոխադարձ համաձայնությամբ՝ ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը։ Ծնողները (նրանցից մեկը) փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կարող են առկա տարաձայնությունները լուծելու համար դիմել խնամակալության և հոգաբարձության մարմին կամ դատարան։
3. Ծնողների' միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ։ Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը' ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը։ Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն)։
Հոդված 54. Երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացումը
1. Երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու:
Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը։
2. Ծնողներն իրավունք ունեն գրավոր համաձայնություն կնքելու երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման մասին:
Եթե ծնողները չեն կարող համաձայնության գալ, ապա նրանց կամ նրանցից մեկի պահանջով խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ վեճը լուծում է դատարանը:
3. Դատարանի վճիռը չարամտորեն չկատարելու դեպքում երեխայից առանձին ապրող ծնողի պահանջով դատարանը կարող է որոշում կայացնել երեխան նրան հանձնելու մասին՝ ելնելով երեխայի շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը։
4. Երեխայից առանձին ապրող ծնողն իրավունք ունի իր երեխայի մասին տեղեկատվություն ստանալու դաստիարակչական ու բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից, ինչպես նաև ծնողից, որի մոտ ապրում է երեխան։ Տեղեկատվություն տրամադրելը կարող է մերժվել միայն ծնողի կողմից երեխայի կյանքին և առողջությանն սպառնացող վտանգի առկայության դեպքում։ Տեղեկատվություն տրամադրելու մերժումը կարող է վիճարկվել դատական կարգով»։