ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ամուլսարը՝ Նիկոլի ստերի հայելի
Դիտեցի Փաշինյանի լայվը եւ խղճացի նրան, մարդ, ով տարիներ շարունակ հասարակությանը «կերակրել է» օրվա իշխանությունների չարաշահումների, կոռուպցիոն սխեմաների եւ այլ չար բաների մասին հեքիաթներով, այսօր դարձել է ինքն իր ասածների թիվ մեկ հերքողը: Ամուլսարի կաշառքով լիցենզիաների մասին էր խոսում, հիմա պարզվեց, որ չի եղել ոչ մի կաշառք եւ ոչ մի կեղծ լիցենզիա, բնապահպանությունից էր խոսում, հիմա պարզվեց, որ չկա նման խնդիր: Ավելին, դեռ մի հատ էլ ինքն իր ձեռքով պետական բյուջեից 400․000 դոլար մսխեց դա ապացուցելու համար։ Իսկ օրերս Նիկոլը հրահանգեց փակել Բաղրամյան 19-ի դարպասները “հպարտ” քաղաքացիների առաջ ու ոստիկանական բիրթ ուժ կիրառեց սեփական երբեմնի թիմակիցներին ճնշելու համար։ Նիկոլ, եթե դու մեզ մեղադրում էիր կոռուպցիայի, կեղծիքի եւ ապօրինությունների մեջ, այսօր անում ես այն, ինչը անում էր նախկին իշխանությունը՝ հայտարարում ես, որ Ամուլսարի հանքարդյունաբերությունը պիտի աշխատի, որ հանքը պիտի շահագործվի եւ դա կարեւոր է մեր պետության համար, ասում ես, չկա ոչ մի բնապահպանական խնդիր եւ այլն։
Եզրահանգում՝ մենք , նախկին իշխանությունը, ճիշտ էինք մեր որոշումներում, չկար դրանցում ոչ մի կոռուպցիոն գործարք, չկար ոչ մի կեղծ լիցենզիա եւ չարաշահում, և դու, Նիկոլ-վարչապետ, քո ընդդիմադիր գործունեության ընթացքում մարդկանց խաբել ես ստով ու կեղծիքով,․ տարիներ շարունակ մարդկանց մանիպուլացրել ես եւ եկել իշխանության։ Եթե մենք՝ որպես նախկին իշխանություն, կոռումպացված էինք, ինչպես ժամանակին կոկորդդ էիր պատռում, գոռալով այդ մասին, ուրեմն դու եւս կոռումպացված ես, որովհետեւ այսօր նույն որոշումն ընդունեցիր, ինչ նախկին իշխանությունը: Ու սա այն դեպքն է, որ այս երկընտրանքի մեջ չկա քեզ համար չարյաց փոքրագույն, քանզի ինքդ ես չարիք դարձել երկրի համար»: