19:57
Տիգրան Պասկևիչյան. «Հարգանք ձախողմանը»

Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի ֆեյսբուքյան էջից:

Որ Կարեն Դեմիրճյանի արձանի տեղադրման շուրջ խոսակցությունները ՖԲ-ում չեն դադարում, շատ լավ է։ Ցավոք, գնում են ոչ այն ուղղությամբ, որով պիտի գնային։

Խորհրդային շրջանի ղեկավարներից որևէ մեկի արձանը դնելու միտքն անգամ հարգանքի հավաստիք է մի պետությանն ու հասարակարգին, որը երեսուն տարի առաջ սրբվել է աշխարհի երեսից։

Տաք ու սառը պատերազմների նրա հակառակորդները (թշնամիները) կան, դաշնակիցները կան, չեզոքները կան, բայց ԽՍՀՄ կոչված այդ լայնատարածը չկա։

Դրա մի անկյունը, որ քոչինյանների, դեմիրճյանների և այլոց ղեկավարման սուբյեկտն է եղել, վաղուց դարձել է այլ պետություն՝ ինքնահատուկ ձեռքբերումներով ու կորուստներով։

և այդ պետությունն այսօր (երեկ ու առաջին օրն էլ) ՀԱՅ ՄԵԾԵՐ-ին անքննելի մեծարելով՝ հարգանքի տուրք է մատուցում ՄԵԾ ՁԱԽՈՂՄԱՆԸ։

Եթե քոչարյան-սարգսյանական էպոխայում հարգանքի այդ տուրքը հարկավոր և անհրաժեշտ էր, որ ամեն լածիրակ ասեր, թե Լևոնն ու ՀՀՇ-ն քարուքանդ արեցին ԳՅՈԶԱԼ երկիրը, այսօրվա իշխանությանը դա պետք է գալու պատմության բատուտի վրա ազատ և անպատասխանատու վերուվար անելու համար։

Եվ առնվազն տարօրինակ է, որ նախադեպը անտեսող ջահել իշխանությունն անցյալի նախանցյալն է մեծարում՝ երևի կարծելով, որ մարզահամերգային համալիր չունենալու դեպքում մեր ազգն անհապաղ վերացած կլիներ աշխարհի երեսից։


 

Առաջարկում ենք նաև
Լրահոս