«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկվանից մտածում եմ ինչպես արձագանքել Նիկոլ Փաշինյանի դատական համակարգին ուղղված ոչ կոռեկտ և վիրավորական բնույթի որակումներին։
Ուղղակի խոսքեր չեմ գտնում։ Ինչպե՞ս կարող է պետության ղեկավարն իր դատավորներին վիրավորել, օգտագործել մարդու նկատմամբ անթույլատրելի այնպիսի բառեր, ինչպիսիք են' «անտեր, փեդով գլխին խփել, դռների տակ վնգստալ»։
Ինչ-որ մեկդ այս մարդուն փողոցից բերեք տուն, տաք թեյ տվեք, բացեք 11-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի դասագիրքը և բարձրաձայն կարդացեք, որ մարդու արժանապատվությունն անօտարելի արժեք է, չի կարելի վիրավորել մարդու ինքնասիրությունը, բացատրեք, որ գոյություն ունի իշխանությունների տարանջատման սկզբունք, որտեղ գործադիր և դատական իշխանությունները հավասարազոր են, գործադիրի ղեկավարը ԻՐԱՎՈՒՆՔ չունի միջամտել, մասնավորապես՝ որակել, գնահատել և վիճարկել դատական իշխանության գործողությունները։
Ինչ-որ մեկդ իրեն ասեք, որ եթե զգում է, որ իր հոգեվիճակը չի բավարարում պետության ղեկավարի համար սահմանված հավասարակշռության, զսպվածության, կոռեկտության և հաշվետվողականության նվազագույն պահանջներին, ապա ավելի ճիշտ կլինի իմաստուն լռել, ուղղակի լռել, կամ ծայրահեղ դեպքում գրավոր շարադրել իր մտքերը։
Ո՞վ է պատասխանատու Փաշինյանի առողջության համար։ Խնդրում եմ, առավել զգոն լինել, նա այժմ զբաղեցնում է խիստ կարևոր պաշտոն, տիրապետում է կարևորագույն և հզոր լծակների, որոնց չհաշվարկված կիրառումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։
Մեկ էլ խնդրում եմ հուզական բնույթի նամակներ մի գրեք իրեն, ցնցվում է…»: