07:32
«Բուհերը պետք է բաց լինեն քաղաքական կուսակցությունների համար». Արթուր Ղազինյան

Քաղաքագետ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքում գրել է.

«Բուհական համակարգում, մասնավորապես անցանկալի ռեկտորներից ազատվելու համատեքստում Փաշինյանի հայտարարությունը համարժեք արձագանք չգտավ և պատշաճ ուշադրության չարժանացավ Հայաստանի քաղաքական և հասարակական դաշտում։

 

Մի կողմ թողնելով և մոռանալով ռեկտորների անձերը, ցանկանում եմ կենտրոնանալ երկու կարևոր հանգամանքի վրա։

Առաջինը դա Բուհերի քաղաքականացվածության, իսկ երկրորդը դրանց կուսակցականացվածության խնդիրներն են, որոնք վերջին 10 տարիներին մշտապես գտնվել են իշխանությունների ուշադրության կենտրոնում։

Հանրապետական կուսակցությունը և նրա ղեկավարությունը հռչակեց բուհերի ապաքաղաքական լինելը՝ բացառապես նպատակ ունենալով բացառել այլ կուսակցությունների մուտքը բուհեր և պահպանել բուհերում իր մենաշնորհային դիրքերը։

Հայտարարելով բուհերի ապաքաղաքական լինելու մասին, Փաշինյանը փաստացի կրկնում է իր նախորդի՝ Սերժ Սարգսյանի որդեգրած սկզբունքները, այն է միայն իշխանությանն է թույլատրված ներկայացված լինել բուհերում։

Իսկ, առհասարակ, ինչ է նշանակում բուհերի ապաքաղաքական լինելը և որքանով է այս մոտեցումը ճիշտ։ Իմ խորին համոզմամբ, բուհերը, ըստ սահմանման, չպետք է լինեն ապաքաղաքական, քանի որ հանդիսանալով կրթական հաստատություններ և գործ ունենալով արդեն չափահաս ՀՀ քաղաքացիների հետ, քաղաքական ուժերին պետք է տրվի հավասար հնարավորություններ հաղորդակցվելու ուսանողների, պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի հետ՝ իրենց գաղափարներն ու ծրագրերը ներկայացնելու համար։

Ուրիշ որտեղ, եթե ոչ բուհերում, կուսակցությունները պետք է ներկայացնեն իրենց ծրագրերն ու գաղափարները, փողոցու՞մ, այգիներու՞մ թե բացառապես կուսակցական գրասենյակներում։

Ուսանողներն ու դասախոսները հանդիսանում եմ հասարակության ամենաակտիվ ու ամենամոտիվացված շերտը, իսկ նախկին իշխանությունները արել են ամեն ինչ բուհերը բացառապես իրենց ազդեցության տակ պահելու համար։

Իմ խորին համոզմամբ, բուհերը պետք է բաց լինեն քաղաքական կուսակցությունների համար՝ քաղաքակիրթ և մրցակցային միջավայրում իրենց գաղափարներն ու ծրագրերը պոտենցիալ շահառուներին ներկայացնելու համար։

Ինչ վերաբերում է բուհերի կուսակցականացմանը, ապա այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ, քանի որ աշխարհում շատ կան երկրներ, օրինակ ԱՄՆ, ԵՄ անդամ շատ պետություններ, որտեղ ավանդական կուսակցություններն ունեն իրենց բուհերը և այստեղ ոչ մի ողբերգություն փնտրել պետք չէ։
Իհարկե, մեր հասարակական-քաղաքական կյանքը դեռ չի հասունացել այն աստիճան, որ մտածենք կուսակցական բուհեր ունենալու մասին, սակայն, հուսով եմ մեկ օր մենք կհասնենք դրան»։

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս