ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հերթը հումանիտար առարկաներինն է․ փոփոխվում են հանրակրթական չափորոշիչները:
Նախ՝ ի՞նչ է հանրակրթական չափորոշիչը․
. Չափորոշիչները սահմանում են ուսումնառության նպատակներն առ այն, թե ինչ պետք է սովորողն իմանա և կարողանա անել' ըստ դասարանների կամ կրթական աստիճանի։
Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայումը' ներառելով հետևյալ ուսումնական բնագավառները.
. հայոց լեզու, գրականություն
. հասարակություն, հասարակական գիտություններ (Հասարակագիտություն, Հայոց պատմություն, Եկեղեցու պատմություն, Համաշխարհային պատմություն, Նորագույն պատմություն)
. օտար լեզուներ (անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն)
. արվեստ (երաժշտություն, կերպարվեստ)
. ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն (Ֆիզկուլտուրա, Առողջ ապրելակերպ, Շախմատ, ՆԶՊ):
Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև.
• վերապատրաստման մոդուլների մշակում
• մշակված առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկումը դպրոցում
• վերապատրաստումներ ուսուցիչների համար' ներկայացնելու վերափոխված առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում
• սեմինարների կազմակերպում՝ դասագրքեր մշակողների համար
Արդյունքում կունենանք՝
Հանրակրթության նոր, միասնական պետական չափորոշիչ և դրան համապատասխան վերանայված և վերամշակված առարկայական չափորոշիչներ ու ծրագրեր, ինչպես նաև առարկայական չափորոշիչներում և ծրագրերում կատարված փոփոխություններին լավատեղյակ ուսուցիչներ և դասագիրք մշակողներ»: