Վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից։

«Կլինի՞ մի քիչ էլ մնամ

Սերժ Սարսգյանն ասում է՝ Կարեն Կարապետյանին կանչեցի և ասացի՝ հրաժարականի որոշում եմ կայացրել, սա էլ տեքստը, և դա միակ

ճիշտ ճանապարհն է, Կարենին ասացի՝ գնա մեկուսարան և տեղյակ պահի սրա մասին:

Իսկ իրականում ապրիլի 23-ին ինքը Կարենին ուղարկել էր մեկուսարան մի քանի տարբերակ քննարկելու համար:

1) Կլինի՞ մնամ մինչև աշուն՝ մինչև Ֆրանկոֆոնիա… Բնականաբար՝ մերժվել է:

2) Կլինի՞ ապրիլի 25-ին գնամ… Բնականաբար՝ մերժվել է:

Գնացել է ճնշման տակ՝ հենց հիմա, հենց այս պահին:

Ու սա գիտի ամբողջ թիմը, Կարեն Կարապետյանը, բայց ստում ու ստում է: Ավելի լավ չէր՝ լռեիր»:

«Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ասել էր․

«Այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ ես նախընտրեցի անցնցում հեռանալ, քան թե փորձել բազմաթիվ լուծումներից մեկն առաջարկել հանրությանը։ Ես երբեք չեմ համաձայնում այն մտքի հետ, որ հիմա Դուք արտահայտեցիք, որ ես նրանց հանձնել եմ իշխանությունը։ Ոչ, նախ՝ իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին: Ես հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն այդպես կարծելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց։

Տեսեք՝ ինչպիսի իրավիճակ էր ստեղծվել. ես, ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից և այն համոզմունքից, որ եթե փոխվի գլխավոր բանակցողը, ապա բանակցային պրոցեսում տեղի են ունենալու այնպիսի փոփոխություններ, որոնք ճակատագրական էին լինելու մեր երկրի համար։ Հիմա հարցազրույցի ընթացքում մենք դրան տարբեր ասպեկտներից կանդրադառնանք։ Հենց այդ պատճառով ես համաձայնեցի ընտրվել վարչապետ, և որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ Հայաստանում կարող է այդ շարժումը, նախաձեռնությունը ստանալ այդպիսի ընթացք»։