ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Դպրոց գնացող երեխա ունեցող ծնողները բախվում են խնդիրների, որոնք նախկինում չեն եղել: Աշխատող ծնողները հայտնվում են դժվար վիճակում, քանի որ Երևանի նորակառույց բազմաթիվ թաղամասերում չգիտես թե ինչու նախատեսված չէ դպրոց կամ մանկապարտեզ ու ստացվել է մի իրավիճակ, երբ ստիպված հարյուրավոր մարդիկ իրենց երեխաներին ուղարկում են մասնավոր մանկապարտեզներ ու դպրոցներ:

Իսկ մասնավորը ծաղկում է, պետականը գնալով մարում: Իհարկե, մենք ապրում, ավելի ճիշտ կլինի ասել՝ փորձում ենք ապրել կապիտալիստական հասարակարգում, որտեղ ընտրությունը լայն է ու կա ամեն ինչի վճարովին, բայց չէ որ կարելի է քաղաքաշինական նորմերը պահել ու շինարարությունները կազմակերպել այնպես, որ լինեն դպրոցներ ու մանկապարտեզներ: Օրինակ Ծարավ Աղբյուրի վրա կառուցված ու իսկապես սոցիալական հսկայածավալ ծրագիրը բնակարանով ապահովեց երիտասարդ հարյուրավոր ընտանիքների, որոնք հաստատ Հայաստանում չէին մնա, քանզի տուն ունենալու այլ տարբերակ չկար:

Բնակարանաշինության այդ ծրագրի կայացմանը զուգահեռ պետությունն իր կողմից պետք է կառուցեր տարածքում կրթօջախ, բայց չարեց, դրա փոխարեն հսկայական տարածք հատկացեց Գազպրոմ ընկերությանը, ով կառուցել է շատ թանկարժեք դպրոց, մոտակայքում ապրող հազարավոր ընտանիքներ իրենց երեխաներին տանում են հեռու դպրոցներ ու մանկապարտեզներ, փոխարենը մեր քթի տակ լինելու է մասնավորը: Ես Գազպրոմին չեմ մեղադրում, կարողացել է, արել է, ես մեղադրում եմ այն մարդկանց, ովքեր պատասխանատու են, կամ էին այստեղ հանրակրթական դպրոց ունենալու համար: Հույս ունեմ, որ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը այս հարցով կզբաղվի, առաջարկում եմ գոնե այդ հսկայական շենքում, որ կառուցել է Գազպրոմը, հայկական դասարաններ հիմնել, մի քիչ մատչելի կամ այլ պայմաններով: Հետաքրքիր մեկ հարց ևս՝ երևի թե Երևանում վերջին անգամ դպրոց կառուցվել է սովետական տարիներին, էլ չեմ խոսում մանկապարտեզների մասին: Երկրի իրական առաջընթացի ցուցիը մանկապարտեզի ու դպրոցի կառուցումն է նաև, այն ինչ այսօր կա՝ երիտասարդ զույգերին ստիպում է քիչ երեխաներ ունենալ, քանի որ նորմալ պայմաններ ստեղխելը ֆիզիկապես դառնում է անհնարին, կամ գնանք հետ ու ապրենք գերդաստաններով, որ երեխաներին տանող–բերող լինի: Արժի մի քիչ ֆեյսբուքյան PR ներից դուրս գալ ու լուրջ գործեր անել»: