Ամառային մի երեկո,երբ մթնշաղն իջել էր քաղաքի վրա,Մոցարտը նստած տեղը քնեց:Դա մի անհանգիստ քուն էր: Նինջի մեջ զգաց ինչ-որ մեկի ներկայությունը սենյակում: Առանց վեր կենալու' Մոցարտը շրջեց գլուխը:
Դռան մոտ, խավարի մեջ պատին ձուլված,սևին էր տալիս մի մութ զանգված:Տձև մարմինը պոկվեց պատից և սկսեց մոտենալ:Տղամարդ էր' լայն,սև սերթուկով,սև փողկապով,սպիտակ անարյուն դեմքով:Մոցարտը լուռ էր: " Ահա մահն ինքը",_ մտածեց սոսկումով,ապա կամացուկ հարցրեց.
-Ինչո ՞վ եմ պարտական ձեր այցին:
Անծանոթը լուռ մեկնեց մի ծրար: Դա հակիրճ նամակ էր,որով Մոցարտին տրվում էր Ռեքվիեմ գրելու պատվեր:Կատարման ժամկետը և գինը' պարոն մաեստրոյի հայեցողությամբ:
-Ու ՞մ կողմից եք եկել,_ հարցրեց Մոցարտը:
- Պատվիրատուն ցանկանում է,որ իր անունը գաղտնի մնա:Պատվիրատուն գիտակ մարդ է:Ե ՞րբ գամ:
-Չորս շաբաթից:
Մոցարտը ցնցվեց:Ռեքվիե ՜մ: Հոգեհանգստի պատարագ:Իզուր չէ,որ վերջերս մահվան գաղափարն այնպես համառորեն հետապնդում է իրեն:Իսկ սևազգեստ մարդը:Այո, դա հավանաբար հանդերձյալ աշխարհի պատվիրակն էր:
Մոցարտը տենդագին շտապողականությամբ աշխատում էր Ռեքվիեմի վրա:
-Սա գրում եմ ինձ համար,սա իմ մահվան պատարագն է,_ասաց մի երեկո կնոջը:
Ռեքվիեմի մեջ նա դրեց իր մեծ վիշտը,ապրելու տենչը,մարդկանցից հեռանալու թախիծը,մահվան սարսափը:Կոմպոզիտորը շատ լավ էր հասկանում' դա իր կարապի երգն էր,որ միշտ ամենագեղեցիկն է լինում: Ավա ՜ղ Ռեքվիեմը կիսատ մնաց...
Դիակառքը,որտեղ Մոցարտի դագաղն էր դրված,քաղաքի արվարձանը հասավ միակ հուղարկավորի' միջակ երաժիշտ Սալիերիի ուղեկցությամբ: Սուրբ Մարկոսի գերեզմանափորն առանց ձևականությունների դագաղը գլորեց ընդհանուր փոսի մեջ: 15-20 մեռել' մեկ ընդհանուր գերեզմանում:
Մոցարտը իր կարճատև կյանքի ընթացքում վաստակեց մի անուն,որ կհարատևի այնքան ժամանակ,որքան երկրի վրա զգայուն սրտեր կբաբախեն...