- Բարև, պապի՛, շնորհավո՜ր Անկախության տոնը...
Նայեց դեմքիս, խոժոռվեց, դողդողացող ձեռքերով շոշափեց ու գրպանում գտավ սիգարետի միակ ճմռթված հատիկն ու ճաքճքած մատների մեջ տրորելով՝ մոտեցրեց շուրթերին:
- Երկու տղա ունեմ ,- ծուխը քթերից դուրս փչելով՝ սկսեց ծերունին,- մեծ տղաս Արցախի պատերազմի մասնակից է, ով պատերազմից վիրավոր վերադարձավ, վիրավոր թե՛ մարմնով, թե՛ հոգով, ընտանիքին հավաքեց ու գնաց: Մի քանի տարի անց փոքրն էլ հետևց մեծի օրինակին: Երեք թոռներիցս երկուսին երբեք չեմ տեսել... Երբեմն զանգում են, երբեմն էլ օգնում են... դե ով ինչպես կարող է ու որքան կարող է... 76 տարեկան եմ, ծնողներս Բայազետից են գաղթել: Ամբողջ կյանքս աշխատել եմ, տուն-տեղ դրել... էսօր տանս պատերը ճաքեր են տվել՝ անկախ ու ազատ ճաքեր, ու չկա մեկը, որ տունս ամրացնի: Առավոտից-իրիկուն էս անտառներում ընկած՝ ցախ եմ հավաքում. դեմը ձմեռ ա, պառավս կմրսի... Մտածում եմ, գոնե էրեխեքիս հոգսը թեթևացնեմ, մեղք են, օտար ափերում են...
Մեր գյուղում շատ քիչ ընտանիքներ կան, որ երեխաները կողքներին են, էն ով էլ մնացել ա, անճարությունից ա մնացել... իսկ դու ասում ես Անկախությո՜ւն, տո՜ն... Անկախությունն իրանցն ա, որ հանգիստ, անդատ ու անպատիժ լափեն ու ջարդեն, վերջում էլ կբերեն քաղաքի մեջ (Երևանը նկատի ուներ - հ.խ.) մի երկու հատ սալյուտ կխփեն, մի երկու պորտաբաց երգիչ-երգչուհի էլ իրանց կորցրած սիրո մասին երգեր կերգեն, ու էսքանով կավարտվի Անկախությունն էլ, տոնն էլ...
Ծերունին մատների մեջ տրորեց սիգարետի մնացորդը, ուսին առավ ցախի կապոցն ու աջ ոտքի վրա կաղին տալով՝ քայլեց գյուղի կողմ՝ քթի տակ «էրգրի» մասին երգ մտմտալով...
Իսկ քիչ այն կողմ՝ ծառի հովին նստոտած, աշխուժ զրուցում էին «փչացած» եվրոպացիները, նրանցից մի քանիսը տարիքով ծերունուց էլ էին մեծ, ու հիմա իրենց «պիղծ» ու «ֆաշիստ» երկրի թոշակով եկել էին՝ վայելելու սրբագույն երկրի դրախտ բնությունն ու հնագույն ճարտարապետությունը... Նրանք չգիտեին, որ մենք՝ Հայկի որդիներս, դարավոր երազանքից ու պայքարից հետո վերջապես վերագտել էինք մեր անկախությունը՝ միմյանց ատելու ու կեղեքելու ազատությունը...
Շնորհավո՜ր...
Յա Շա