Հեղափոխականը և կոռուպցիոները շատ հաճախ հոմանիշներ են, այլ ոչ թե հականիշներ։ Քաղաքական պատմությունից է դա հայտնի։ Օրինակ՝ ֆրանսիական հեղափոխության ոգի համարվող Դանտոնը թալանով էր զբաղված։ Բոլշևիկներն էլ պակասը չէին։ Հեղափոխական Սահակաշվիլու շրջապատի մեծ մասն այժմ Վրաստանի բանտերում է կոռուպցիոն պատմությունների մեջ լինելու հիմքերով։ Հեղափոխական ալիքի վրա իշխանության եկած Պորոշենկոն Ուկրաինայում դարձել է կոռուպցիայի խորհրդանիշը։ Այնպես որ, մեր տնաբույծ հեղափոխականներն իրենց կոռուպցիոն հակվածությամբ օրիգինալ չեն։
Գաղափարների ու սկզբունքների բացակայության պայմաններում փող աշխատելն է դառնում գաղափար։ Այդ գաղափարն ամենագայթակղիչն է ընկալվում անգաղափար հեղափոխականի համար։
Քաղաքական իրավիճակի անխուսափելի փոփոխությունից հետո շատ ավելի սահմռկեցուցիչ կոռուպցիոն պատմություններ են ի հայտ գալու, քան մենք լսում ենք վերջին օրերին՝ հետևելով ԱԱԾ-ի ապահոված լրահոսին։
Չեմ ուզում անմեղության կանխավարկած խախտել, բայց հակված եմ այն տարբերակին, որ նորաթուխները զբաղված են կապիտալի նախնական կուտակման գործով։ Իսկ նրանք, ովքեր այդ գործի մեջ չեն, նեղսրտում են, որ «վերևում» խրախճանք է, իսկ ահա «ներքևում» զրկված են այդ հնարավորությունից։ Խորհրդարանական 88-ի մոտ այս առումով հոգեմաշ վիճակ է։
Երբ մարդը եկամուտների գրեթե զրոյական հայտարարագիր է ներկայացնում, և նրան նշանակում են շատ կարևոր ու բարձր պաշտոնի, ապա մեծ է հավանականությունը, որ նա առաջին հերթին փորձելու է սեփական աղքատությունը հաղթահարել իր գլխում և գրպանում։
Երբ 30-անց մարդը որպես արժանիք է ներկայացնում այն, որ աղքատ է և այդ աղքատությունը հրամցնում է որպես իր ազնվության ապացույց, ապա մեծ է հավանականությունը, որ բարձր ու պատասխանատու պաշտոնի անցնելուց հետո ֆաուստյան տարբերակով նա գործարքի կգնա՝ փորձության ենթարկվելով ու փորձանքի առաջ կանգնեցնելով պետությունը։
Երբ մարդը մեծ պաթոսով հայտարարում է, որ մինչև մահ պայքարելու է կոռուպցիայի դեմ, ապա մեծ է հավանականությունը, որ նա դեմագոգ է ու հնարավորության դեպքում մինչև մահ ներգրավված է լինելու կոռուպցիայի մեջ։
Ի դեպ, ամենամեծ կոռուպցիոն պատմությունը սկսվեց «էն գլխից», երբ հեղափոխական դաշինքը շատ թանկարժեք քարոզարշավ անցկացրեց Երևանի ավագանու և ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ։ Որևէ մեկի, այդ թվում՝ պատկան մարմինների մոտ հարց չառաջացա՞վ, թե որտեղի՞ց «թավշյա» տղաների ու աղջիկների մոտ այդքան գումար. չէ՞ որ դրանից ընդամենը մեկ-երկու տարի առաջ նրանք, մեղմ ասած, համեստ բյուջեով էին ընտրարշավ անցկացնում։