Չգիտեմ՝ կհիշեք, թե չէ, բայց 6 տարի առաջ էս օրն էր, երբ կանխվեց նոր Մարտի 1-ը: Երևի կհիշեք Րաֆֆի Հովհաննիսյան անունով քաղաքական գործչին, ով մոլորված ժողովրդին հանել էր հրապարակ ու պահանջում էր, որ իրեն հանձնեն նախագահի աթոռը: Չեմ վախենա ասել, որ ըտեղ մի սթափ մարդ կար, ով էլ կարողացավ այնպես կողմնորոշվել այդ իրավիճակում, որ ոչ անմեղ արյուն թափվի կամ մարդիկ վիրավորվեն, ոչ էլ խառնվի քաղաքականությանը: Այդ մարդը Գասպարյան Վովան էր, ում կարիքն, ի դեպ, էս օրերին շատ-շատ զգացվում ա: Հա, հենց Գասպարյան Վովան կարողացավ անդառնալի քայլերից հետո պահել ինչ-որ տեղ անփորձ, ինչ-որ տեղ արկածախնդիր, ինչ-որ տեղ էլ դիտմամբ վատ մտադրություններով փողոց դուրս եկած քաղաքական գործիչներին ու ժողովրդին:
Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ մեր պետության վերջը, եթե այդ օրը Րաֆֆին աթոռակռվի համար ժողովրդին հրահրեր ոստիկանության դեմ։ Շատ դեպերում Րաֆֆին ինքը չէր տիրապետում իրավիճակին ու որոշ ուժերի ձեռքին խամաճիկ էր: Իսկ Վովան արեց էն, ինչ շատ դիվանագետներ անգամ չէին կարող անել: Եթե ինձ հարցնեն՝ դա լա՞վ էր, թե՞ վատ, ես, միանշանակ, կասեմ՝ լավ, որովհետև նման դեպքերում, որպես կանոն, ոստիկանությանը հրաման է տրվում ամեն գնով պահպանել պետական կառույցները, ու Վովան պարտավոր չէր գար, մի հատ էլ բանակցեր ընդդիմության ներկայացուցչի հետ, փորձեր հանդարտեցնել կրքերը: Նա ի պաշտոնե կարող էր հրամայել՝ պահպանեք նախագահական նստավայրն ամեն գնով, ու այդ դեպքում կլիներ անդառնալին, ինչին շատ հաճախ ականատես ենք լինում մյուս երկրներում:
Մի խոսքով՝ հանցագործությունների էս աճի ու ներքաղաքական գզվռտոցի ֆոնին Զորավարի տեղը շատ ա զգացվում: