Ինչ-որ տեղ Արցախի հողում իմ արյունն է թափված, ինչ-որ տեղ Արցախում ինձնից մի մասնիկ կա, ինչ-որ մի փոքրիկ արցախյան հողակտոր իմ սեփական արյամբ է ջրված, և ես այսօր ուղղակի հպարտ եմ դրա համար: Ես հպարտ եմ իմ թափած արյան, իմ արցախյան գեների, իմ մղած պայքարի և իմ այսօրվա վիճակի համար: Ու հպարտ եմ հատկապես նրա համար, որ ամեն անգամ Եռաբլուր բարձրանում եմ գլուխս բարձր, ու չնայած ոտքերս ձեզնից շատերի նման հողին չեն դիպչում և այլևս երբեք չեն դիպչելու, բայց ես անհունորեն հպարտ եմ, որ իմ արյունն է ամեն օր եռում նույն այդ հողի խորը խորքերում, որը հայաստանցի ու արցախցի չի ճանաչում, որը հավերժորեն կարոտ է իմաստուն տիրոջ: Ու հողը բնավ չի ընկալում, որ այսօրվա մեր մթագնած ուղեղներում հանկարծ կրկին արթնացել է այդ հիվանդագին տարբերակումը: Ի՜նչ վիրավորանք հողի նկատմամբ, ինչպիսի՜ անգրագիտություն...
Ու ամեն անգամ, երբ ոմանց թշնամաբարո ձեռքով բարձրանում է այս հարցը, ինչ-որ տեղ Արցախի հողում իմ արյունը եռ է գալիս հողի խորը շերտերում, և միայն այդժամ ես սկսում եմ երերալ ու հանկարծ հիշել, որ այլևս իմ ոտքերով չեմ դիպչում այս հազարամյա հողին:
Սա չէր իմ պայքարի նպատակը, սա չէր Եռաբլուրում վեհորեն հանգչող տղերքի երազանքը, սա չէր մեր կողքին ապրող հաղթած տղերքի գիտակցված կռվի ցանկալի արդյունքը: Ուստի բավ է, բավ, մի պահ կանգ առեք և հենց այդ քարացած ակնթարթին հիշեք, որ Արցախի հողում Դուշման Վարդանների, Մոնթեների, Լեոնիդ Ազգալդյանների, այսօր արդեն Ռոբերտների, Սասուների, Արմենակների, Արարատների, Արշակների, Ազատների ու երկնքում ճախրող հազարավոր արծիվների արյունն է խլրտում ու կանչում սթափության, կանչում, սպասում, հավատում, որ երբևէ այս տառապած հողում մարդիկ այնքան իմաստուն կդառնան, որ վերջապես կհասկանան՝ չի լինում հայաստանցի ու արցախցի, լոռեցի ու գյումրեցի, լինում է հայ, ուղղակի հայ...