Փիլարտոս Վարաժնունի. «Հայերի ու հույների թագավորը» (1072 – 1090)
Վարաժնունին սերում է Այրարատ աշխարհից Վասպուրական տեղափոխված Վարաժնունիների նախարարական տնից: Ըստ Խորենացու` տոհմը ծագում է Վարաժ նահապետից, ում Արտաշես արքան կարգել էր «իշխան արքունականացն որսոց (արքունի որսապետ) եւ շենս պարգեւեալ նմա առ Հրազդան գետով»: Վարաժնունիների մասին հիշատակում է նաեւ Սեբեոսը: Հունական աղբյուրները նրանց անվանում են Վահրամյան։
Ադոնցն ասում է, որ Վարաժնունին եղել է Վարդաս Սկլերոսի ապստամբությանը մասնակցած Սահակ-Վահրամ զորավարի սերնդից։ Մատթեոս Ուռհայեցու վկայությամբ կրթություն է ստացել հորեղբոր` ժամանակի նշանավոր գիտնական Հովհաննես Կոզեռնի մոտ, Հարսան Մսուր գավառի Զովրի Կոզեռն վանքում (Կոմմագենե)։
Քաղկեդոնականություն ընդունելու համար արժանացել է ժամանակի հայ պատմիչների անխնա քննադատությանը: Ուռհայեցին գրում է. «Սա ելեալ յանապատէ եւ եղեւ պիղծ անապատի»: Կիրակոս Գանձակեցին Փիլարտոսին համարում է փախստական հայերի կամ ավազակների առաջնորդ:
Վարաժնունու սկզբնական գործունեության մասին վկայություններ կան Միքայել Ասորու «Ժամանակագրության» մեջ: Վերջինս գրում է, որ սելջուկյան արշավանքների ժամանակ 50 հայեր, որոնք զբաղվում էին թուրքերին կողոպտելով, գալիս են Մարաշ, որտեղ գտնում են Փիլարտոսին, ով դառնում է նրանց առաջնորդը, հզորանալով մտնում Կիլիկիա եւ թուրքերից գրավում Քեսունը, Մարաշը, Ալպսթանը, հետագայում Մելիտենեն, Խարբերդը, Ուռհան եւ այլ բազում բերդեր:
Ասորու վկայությունն է հաստատում արաբ պատմիչ Աբուլ Ֆեդան. «Եւ այն ժամանակ, երբ հույները թուլացած էին եւ թուրքերը ամենուրեք գրավել էին, մի խումբ հայեր, որոնք քաջ ու հանդուգն մարդիկ էին, իրար միացան ու կազմեցին 50 հոգուց բաղկացած մի հրոսակախումբ, գնացին հույների երկրները, կողոպտեցին ու ավերեցին: Նրանք, իրենց առաջնորդ Փիլարտոսի առաջնորդությամբ, սկսեցին գրավել Կիլիկիայի ամրությունները եւ բազմացան»:
Բյուզանդական պատմագրության վառ ներկայացուցիչներից արքայադուստր Աննա Կոմնենան հայորդուն բնութագրում է որպես «արիութեամբ ու խոհեմութեամբ աչքի ընկնող անձնավորութիւն»։ Հաշվի առնելով, որ Փիլարտոսի իշխանության տիրույթներում հայերի հետ համատեղ ապրում էին նաեւ մեծ թվով հույներ` արաբ ժամանակագիր Իբն ալ-Քալանիսին Վարաժնունուն անվանում է «ՀԱՅԵՐԻ ՈՒ ՀՈՒՅՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ»։
Ծառայության անցնելով բյուզանդական բանակում՝ Վարաժնունին հասնում է «դոմեստիկոսի» տիտղոսի։ Կայսր Ռոմանոս Դ Դիոգենեսը 1070-ին դեպի Խլաթ կատարած արշավանքի ժամանակ նրան է վստահում բանակի հրամանատարությունը։
Մանազկերտի ճակատամարում (1071թ.) բյուզանդական զորքի՝ սելջուկներից կրած պարտությունից մեկ տարի անց, հայ իշխանը Հայկական լեռնաշխարհի հարավ-արեւմուտքում ու հարակից տարածքներում ստեղծում է հայկական ընդարձակ իշխանապետություն (ներառյալ Կոմմագեննեն, Հյուսիսային Ասորիքը, Կիլիկիայի ու Վերին Միջագետքի որոշ տարածքներ)՝ Մարաշ կենտրոնով (1072)։
Տասը տարի անց (1082) Վարաժնունու տիրույթների հարեւանությամբ, Քեսուն կենտրոնով, մեկ այլ հայկական իշխանություն է հիմնում Գող Վասիլը։ Նա ճանաչում է Փիլարտոսի սյուզերենությունը (գերակայությունը)՝ դառնալով վերջինիս վասալը: Գող Վասիլը համագործակցում էր Լեռնային Կիլիկիայի Բարձրբերդի շրջանում հիմնադրված Ռուբինյանների հայկական իշխանության հետ։ Հայտնի է, որ նրա ու Թորոս Ա (1100-1129) միացյալ ուժերը Բերդուսի դաշտում ջարդել են Կիլիկիա ներխուժած Իկոնյայի սելջուկյան սուլթանության զորքերն ու դուրս վտարել Կիլիկիայից (1107 թ.)։
Հույները չեն հաշտվում հայկական պետական կազմավորումների գոյության փաստի հետ, բայց անկարող լինելով պայքարել սելջուկների դեմ` առժամանակ փորձում են լեզու գտնել հայերի հետ եւ նրանց զինական ուժերն օգտագործել սելջուկների դեմ՝ կայսրության արեւելյան սահմաններն անառիկ պահելու համար:
Զինված ուժերը համալրելով հայազգի զինվորներով՝ Վարաժնունին կարողանում է առժամանակ կասեցնել սելջուկ թուրքերի առաջխաղացումը դեպի Բյուզանդիայի արեւմտյան շրջանները։ Բյուզանդական արքունիքը ստիպված ճանաչում է հայորդու իշխանապետությունը եւ նրան շնորհում «Սեբաստոս» տիտղոսը, որը «Կեսարից» հետո երկրորդ բարձր տիտղոսն էր Բյուզանդիայում։ Փոխարենը հայոց իշխանն ընդունում է քաղկեդոնականություն։
«Այս թոհուբոհին մէջ,_ գրում է Ծերուն-Երվանդ Հ. Քասունին, _ հանկարծ կը բարձրանայ դեմքը Փիլարտոս Հայի, որուն զինվորական ու դիվանագիտական ընդարձակ գործունեութիւնը կը յաջողի խաղաղութեան գոտի մը ստեղծել Եփրատացւոց աշխարհին մէջ ու նոր յոյսեր ներշնչել շրջանի հայութեան»:
1073-ին Վարաժնունին փորձում է իր տիրույթների մեջ ներառել Սասունը, բայց Ալելուա դաշտում (Ծոփքի Հանձիթ գավառ) տեղի ունեցած ճակատամարտում պարտություն է կրում Թոռնիկ իշխանի զորքերից։ Չնայած անհաջողությանը նրան հաջողվում է բյուզանդացիներից գրավել Ուռհան (Եդեսիա) ու Անտիոքը։ Իր իշխանապետությանը հայկական պետականության տեսք տալու նպատակով Վարաժունին Ջհան գավառի Հոնի քաղաքում կաթողիկոս է ձեռնադրում Պետրոս Ա Գետադարձի քեռորդուն՝ Սարգսին։
1083-ից Վարաժնունու իշխանապետությունն սկսում է թուլանալ: Սելջուկները ներխուժում են նրա տիրույթները: Իրեն ենթակա քաղաքներում սկսված երկպառակությունների պայմաններում, տեսնելով, որ պետությունը կործանվում է, նա մեծաթիվ գանձերով գնում է սելջուկ տիրակալ Մելիքշահի մոտ` խնդրելով նրանից «քաղցրութիւն եւ խաղաղութիւն ամենայն հաւատացելոցն Քրիստոսի»:
Հանդիպելով անտարբեր վերաբերմունքի` հրաժարվում է քրիստոնեությունից, ընդունում մահմեդականություն, կարծելով, որ սելջուկների կողմից պատվի կարժանանա եւ օգտակար կլինի իր ժողովրդին: Ուռհայեցին գրում է, որ նա այդ քայլով ոչնչի չհասավ․․․ Իշխանությունը վերականգնելու բոլոր հույսերը կորցնելուց հետո` նա վերստին դավանում է քրիստոնեություն, մտնում վանք եւ այնտեղ էլ 1090-ին կնքում մահկանացուն:
Վարաժնունու իշխանապետության առկայությունը նպաստավոր պայմաններ ստեղծեց Լեռնային Կիլիկիայի Բարձրբերդի շրջանում Ռուբեն իշխանի 1080-ին ստեղծած իշխանության կայացման ու ամրապնդման համար:
ՀԳ – Պահպանվել են Փիլարտոս Վարաժնունու արճիճե կնիքները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ`
Մարաշի բերդը` Վարաժնունու իշխանապետության մայրաքաղաքը