00:17
«Պահանջում եմ հանրայնացնել և հրապարակային դարձնել ցանկացած գործընթաց». Հովհաննես Ավետիսյան

Որոշումների և գործողությունների թափանցիկությունը և հաշվետվողականությունը եղել են նախորդ բոլոր կառավարությունների թույլ կողմերից, որոնց պակասը կամ բացակայությունը հետզհետե հանգեցրել է հանրային վստահության նվազման և իշխանության ու ժողովրդի միջև խոր անջրպետի առաջացման:

Իշխանությունների կողմից թափանցիկություն և հաշվետվողականություն չցուցաբերելու հիմնական դրդապատճառը եղել է տվյալ գործողության հանրային շահ չներկայացնելու գիտակցումը: Այսինքն նրանք գիտակցում էին որ տվյալ քաղաքականությունները չեն արժանանալու հանրության հավանության կամ դրանք իսկսզբանե ծառայել են նեղ անձնական շահերի և հետևաբար հանրությունը չպետք է տեղեկացված լինի:

Պետական հատվածում ներգրավված լինելը, այսինքն պետական ծառայող լինելը միշտ դիտարկվել է հեշտ փող ձեռբերելու կամ հանրային կյանքի որոևէ հատվածում անձնական կշիռ ավելացնելու և սեփական շահին դա ծառայեցնելու գործիք: Հեղափոխությունից հետո, ես ակնկալում եմ, որ այս ընկալումները ոչ թե պետք է փոխվեն, այլ ընդհանրապես վերանան:

Հանրությունը, հատկապես մասնագիտական հանրությունը, որը կարող է լայն հանրության շահերը ներկայացնել, իրավունք ունի և պետք է տեղեկացված ու ներգրավված լինի կառավարության կողմից ցանկացած տեսակի քաղաքականության ձևավորման գործընթացի: Կառավարությունը չպետք է իր քաղաքացիներից թաքցնի որևէ գործընթաց և հանրությունը պետք է ներգրավված լինի այս գործընթացներում նաև նախքան որևէ օրենսդրական նախագծի հրապարակում:

Ես իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում, քանի որ ներկա կառավարությունը շարունակում է (գուցե մեքենայաբար և առանց գիտակցելու) հանրության անմիջական շահերին առնչվող քաղաքականությունների շուրջ ոչ թափանցիկ և ոչ ներառական գործընթացներ իրականացնելու «մշակույթը»:

Պահանջում եմ հանրայնացնել և հրապարակային դարձնել ցանկացած գործընթաց` սկսած Հարկային օրենսգրքի բարեփոխումների հիմնավորում-հաշվարկներից, հանքարդյունաբերության ոլորտում լուրջ ռիսկեր պարունակող գործողություններից, մինչև Արցախի շուրջ հակամարտության գործընթացներ:

Կառավարության ուշադրությանն եմ հրավիրում նրան, որ գործողությունների ոչ թափանցիկ և հաշվետվողական լինելը հանգեցնելու է համակարգային կոռուպցիայի վերականգնման, հանրային շահերի կորսման և կառավարության ու հանրության միջև նոր խորը անդունդի ձևավորման:

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:

 



ՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ

Առաջարկում ենք նաև
Լրահոս