ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Երեկ Նիկոլ Փաշինյանին պատկանող և սպասարկող «Հայկական ժամանակ»-ը մի հոդված է հրապարակել, որտեղ փորձել է արդարացնել Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի ղեկավարած համաշխարհային համբավ և հեղինակություն ունեցող շախմատի դպրոցի աշխատանքները կաթվածահար անելու փաստը:
Պաշտոնական քարոզչամեքենան, մոռանալով որ Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը նախևառաջ օլիմպիական չեմպիոններ են, մեր երկրին համբավ ու պատիվ բերած մարդիկ, երիտասարդ ու շնորհալի մեր շախմատիստներին իրենց գիտելիքը փոխանցող մարզիչներ, փորձել է նաև քաղաքականցնել հարցը, շեշտելով Սերժ Սարգսյանի հետ իրենց քավոր-սանիկական հարաբերությունների փաստը:
Քավոր-սանիկներից ում կովը որ բառաչեր, Նիկոլ Փաշինյանին սպասարկողները պիտի լռեն, հատկապես, երբ կառավարությունը և Ազգային ժողովը ողողել են հանրությանը տեսանելի ոչ մի արժանիք չունեցող, բայց վարչապետի մերձավոր շրջանակի մարդկանցով:
Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը օլիմպիական և աշխարհի չեմպիոն են դարձել սեփական տաղանդի, ոչ թե բարեկամական կապի միջոցով:
Պաշտոնական քարոզչամեքենան նաև փորձել էր սենսացիա մատուցել շախմատի դպրոցի մարզիչների աշխատավարձը (400-500 հազար դրամ)՝ անվանելով այդ աշխատավարձը հսկայական:
Իհարկե, մեր երկրի քաղաքացիների համար դա մեծ գումար է, և լավ կլինի, որ բոլոր մարզաձևերից ապագա չեմպիոններ պատրաստող մարզիչները նման աշխատավարձ ստանան: Բայց փողի պակասով հիմնավորել նման ունիկալ դպրոցի ապագան հարցականի տակ դնելու փաստը առնվազն բարոյական չէ:
Երբ հերթը հասնում է Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի ախորժակները բավարարելուն, դրանից բարձր գումարներ պետական բյուջեի հաշվին գտնվում է:
Օրինակ՝ օրերս Ազգային Ժողովի որոշմամբ մշտական հանձնաժողովների թիվն ավելացավ երկուսով՝ դարձնելով 11: Ակնհայտ է, որ կարելի էր ընդամենը բավարարվել քաղաքական որոշմամբ և առանց թիվ ավելացնելու 2 հանձնաժողով տալ ԲՀԿ-ին, մեկն էլ՝ ԼՀԿ:
Այդ որոշման ֆինանսական գինը, որ վճարելու է Հայաստանի քաղաքացին իր գրպանից մեկ հանձնաժողովի համար մոտավորապես կազմում է՝
4 փորձագետ՝ միջինը 200 000 դր. աշխատավարձ = 800 000
գործավար և վարորդ՝ միջինը 150 000 դր. աշխատավարձ = 300 000 դրամ
Աշխատավարձի հավելում (նախագահ+տեղակալ)՝ միջինը 200 000 դրամ
Վառելիք, տրանսպորտային միջոց և այլն (նախագահ+տեղակալ)՝ միջինը 250 000 դրամ:
Այսպիսով, մեկ հավելյալ հանձնաժողովի ամսական ծախսը միջինը կազմելու է մոտ 1 550 000 դրամ, երկուսինը՝ 3 100 000 դրամ, իսկ տարեկան կտրվածքով՝ շուրջ 35 000 000 դրամ:
Այս գումարով հաստատ կարելի է համաշխարհային հռչակ ունեցող ոչ թե մեկ, այլ երկու դպրոց պահել, որոնք մեր երկրի համար շատ ավելի մեծ հեռանկար ու համբավ կբերեին, քան Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդում տված ու ոչ մի այլ բանով աչքի չընկած մարդկանց պետական բյուջեից բավարարելը»: