Հայաստանում չէր կարող, և տեսանելի ապագայում չի կարող լինել «Տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը․
«Նշված դիրքորոշումը բազմաթիվ ու բազմատեսակ մասնագիտական հիմնավորումներ ունի' գյուղատնտեսության ոլորտի տարածաշրջանային մրցունակության ապահովմանն անհրաժեշտ առանձնահատկություններից սկսած մինչև սոցիալական ու տարաբնակեցման քաղաքականություն: Դրանց կարելի է ավելացնել նաև միավորվող կառույցների ճյուղային ու ֆունկցիոնալ ուղղվածությունների խիստ տարբերակվածությունը, սակայն շատ չծանրաբեռնելու նպատակով անդրադառնանք մեկ այլ կարևորագույն խնդրին'
ոլորտների զարգացման քաղաքականություններին և կառավարման փիլիսոփայությանը:
Այս առումով' գյուղատնտեսության զարգացման քաղաքականությունը ի սկզբանե հակադրված է տնտեսական զարգացման նախարարության գործառույթներում ընդգրկված երկու տասնյակից ավելի ոլորտների զարգացման քաղաքականությունների հետ:
Առաջին մոտեցմամբ, անշուշտ' նպատակները արտաքինից նույնանման են և փոխլրացնող, սակայն գյուղատնտեսության ոլորտի զարգացման քաղաքականության մեջ ընդգրկված միջոցների և մեթոդների ամբողջությունը հակասության մեջ է «Տնտեսական զարգացման» նախարարության գործառույթների մեջ ընդգրկված մնացած ճյուղերի և ենթաճյուղերի զարգացմանն անհրաժեշտ միջոցների և մեթոդների ամբողջության հետ:
Ավելի պարզ' գյուղատնտեսության զարգացման քաղաքականությունը, հատկապես ճյուղի մրցունակության բարձրացման և ներառված փաստացի սոցիալական կշռի ապահովման իմաստով' դեռևս խիստ պահպանողական պետք է լինի:
Այն անմիջականորեն հիմնված է մշտական պետական «հոգածության» վրա, և չի կարող գոյություն ունենալ առանց պետական ռեսուրսների ներգրավման ( ապահովագրություն, սուբսիդիաներ, լրավճարներ, փոխհատուցումներ, և այլն ), պետական խորհրդատվական գործունեության իրականացման և անընդհատ տեղական և միջազգային տեխնիկական աջակցության: Եթե վերը նշված այլ ճյուղերի և ենթաճյուղերի, ոլորտների դեպքում բավարար են պայմանների ստեղծման, կարգավորման, խթանման և խրախուսման մեթոդներն ու միջոցները, այսինքն' առավել ազատական մոտեցումը, ապա' գյուղատնտեսության պարագայում առանց պահպանողական մոտեցման անհնարին է քաղաքականության լիարժեք իրականացումը:
Իսկ մեկ կառավարման մարմնի մեջ երկակի, կամ' իրար հակասող ( լիբերալ և կոնսերվատիվ կառավարման մոդելների ) փիլիսոփայության կիրառումը.
- տեսական առումով' սխալ է;
- գործնական առումով' անարդյունավետ;
- ծանրաբեռնվածության առումով' անիրագործելի:
Անընդունելի է նաև էներգետիկ ոլորտի ներառումը «Տնտեսական զարգացման նախարարության» մեջ:
Էներգետիկան դասական ենթակառուցվածքային ոլորտ է, և չի կարող ընդգրկվել իրական հատվածի համար պատասխանատու ֆունկցիոնալ կառույցում: Այս դեպքում էլ առկա է շահերի կոնֆլիկտ, որը կառավարման տեսության առումով' արդյունավետության ապահովման լուրջ խոչընդոտ է:
Ընդսմին'
«Տնտեսական զարգացման նախարարություն»,
«Գյուղատնտեսության նախարարություն»,
«Ենթակառուցվածքների զարգացման նախարարություն», կամ' «Տարածքային և ենթակառուցվածքների զարգացման նախարարություն» ( ներառելով' էներգետիկան, կապը, տրանսպորտը, ջրային համակարգը, քաղաքաշինությունը, և այլն ):
Խնդրահարույց կարող է լինել նաև'
«Բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության» նախարարությունը
Այսպիսի դիրքորոշման բազմապիսի, բազմաբնույթ տեսական և գործնական այլ հիմնավորումներով չծանրաբեռնելու նպատակով դիտարկենք մեկ այլ առանցքային հարց' զուտ հասկացության տեսանկյունից:
Առաջարկված նմանատիպ կառույցների ստեղծման մոտեցման հիմքում սովորաբար ընկած է լինում «Բարձր տեխնոլոգիա», «Տեղեկատվական տեխնոլոգիա», «Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիա» և «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» հասկացությունների շփոթումը, երբեմն' նույնացումը, աղճատումը, խեղաթյուրումը նույնիսկ միջազգային կազմակերպությունների հարթակներում: Սա զուտ հայաստանյան երևույթ չէ:
Առանձնակի շփոթություն է առաջացնում «Բարձր տեխնոլոգիա» հասկացությունը: Բանն այն է, որ «Բարձր տեխնոլոգիա» հասկացության բառարանային մեկնաբանությամբ կիրառումը աղճատում է այդ հասկացությունը, սահմանափակում է այն, և հասցնում' տեխնոլոգիական լուծումների մեջ զուտ համակարգչային, մաթեմատիկական, կամ էլեկտրոնային առաջավոր սարքավորումների կիրառմանը:
Այնինչ, իրականում և առավել խորքային դիտարկման դեպքում ակնհայտ է դառնում, որ այն շատ ավելի ընդգրկուն է, և ուղղակիորեն, անքակտելիորեն կապված է ոչ միայն մաթեմատիկայի, կամ հաշվողական տեխնոլոգիաների, այլ միահյուսված է բոլոր գիտությունների, և առանձնապես բնական գիտությունների հետ' քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա և այլն: Այդ առումով այն անբաժանելիորեն կապված է «Ինովացիոն քաղաքականության» հետ, որը ընդգրկում է մարդկային կենսագործունեության բոլոր ոլորտները: Իսկ վերջինս' «ինովացիոն քաղաքականության» մշակումը, ներդրումը և իրագործումը ուղղակի «Տնտեսական զարգացման» նախարարության խնդիրն է, և այլ տեղ լինել չի կարող: Այն ֆունկցիոնալ գործառույթ է, և չի կարող սահմանափակվել միայն պաշտպանական նպատակներով կիրառմամբ: Դրա համար այնտեղ ստեղծված են բոլոր ստորաբաժանումներն ու ենթակա օժանդակող գերատեսչությունները' ստանդարտացման, չափագիտության, մտավոր սեփականության պաշտպանության և այլն:
Ընդսմին'
Պաշտպանության նախարարության մեջ' «Ռազմարդյունաբերության կոմիտե», իսկ կառավարությունում' «Ռազմարդյունաբերության խորհուրդ»:
Տնտեսական զարգացման նախարարության մեջ'
« Տեղեկատվական տեխնոլոգիաների կոմիտե»,
«Ինովացիոն զարգացման կոմիտե»:
Հ. Գ. Մշակույթի և Սփյուռքի մասով թերևս շատ է քննարկվում, իսկ այս մասը կարծես տեսադաշտից դուրս էր մնացել»: